«Տեղական ինքնակառավարման մարմիններում լինել իշխող ուժ»,-«Քաղաքացիական պայմանագրի» վերջին շրջանի ձգտումների մասին նման տեսակետ հայտնեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ ի նկատի ունենալով վերջին շրջանում ՔՊ-ի գործողությունները Հայաստանի տարբեր համայնքներում. Վանաձոր, Ալավերդի, Ախուրյան:
Գյումրիում սցենարը համեմատաբար տարբերվող էր: Համայնքային իշխանության մաս կազմող ՔՊ-ն խզեց կոալիցիոն պայմանագիրը «Բալասանյան դաշինքի» հետ՝ դաշինքին մեղադրելով ստվերային կառավարման մեջ: Հնարավոր հանցագործության մասին ՔՊ-ի փոխարեն ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում ներկայացրեց Լևոն Բարսեղյանը: Նրա դիտարկմամբ, պայմանագրի խզման պատճառն այն էր, որ նախորդ 2 տարվա ընթացքում տեղական իշխանության կառավարումն անարդյունավետ էր, բազմաթիվ ձախողումներով լի, և ՔՊ-ն որոշել է այլևս չդառնալ քննադատությունների թիրախ, պատասխանատվությունը չկիսել և հետագա 3 տարիների ընթացքում փորձել լինել բարեխիղճ ընդդիմություն՝ նախապատրաստվելով հաջորդ ընտրություններին:
Լևոն Բարսեղյանի հաշվարկով, արդյունավետ կառավարման պայմաններում Գյումրի համայնքի բյուջեն վերջին 2 տարվա ընթացքում կարող էր աճել 10-15 տոկոսով, իսկ բնակչությանը մատուցվող ծառայությունների որակն ու քանակը 20-25 տոկոսով, ինչը չի հաջողվել: