Սիրվարդ Մարգարյան. Մեր պայքարը արժանապատիվ կյանքի, արցախցիների արտագաղթը կանխելու և վերջնական նպատակին հասնելու՝ Արցախ վերադառնալու համար է

Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամն ընդգծում է, որ իրենց հիմնական նպատակը արցախցիների հավաքական վերադարձն է Արցախ. մնացած բոլոր պահանջներն ու խնդիրների լուծումները քայլ առ քայլ ուղղված են դրան։ Արցախցին պետք է ունենա տանիք և նվազագույն կենցաղային պայմաններ
«Հանուն Արցախի» հասարակական նախաձեռնությամբ ստեղծված Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհուրդը միավորել է Արցախի և Հայաստանի 40 հասարակական կազմակերպությունների՝ նրանց ոտնահարված իրավունքների պաշտպանության նպատակով։ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհուրդը, որը միավորում է Արցախի գործնականում բոլոր հասարակական շրջանակները, պահանջում է Հայաստանի Հանրապետության կառավարությունից ձեռնարկել բոլոր հնարավոր քաղաքական և դիվանագիտական քայլերը՝ ապահովելու արցախցիների հավաքական վերադարձը հայրենի հող, սոցիալական խնդիրների լուծման և Արցախից բռնի տեղահանված բնակիչներին ֆինանսական և բնակարանային աջակցության տրամադրման ծրագրերի պատշաճ իրականացումը, Բաքվի բանտերից հայ գերիների վերադարձը, Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանումը։
Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ, լրագրող, գրող և հրապարակախոս Սիրվարդ Մարգարյանը REGIONSTV-ի հետ զրույցում ասաց, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպումը, որքան էլ պաշտոնյաները փորձեն ներկայացնել իբրև կառուցողական կամ որպես զեկույց իրենց կատարած մեծածավալ աշխատանքի մասին, առնվազն չի կարողացել համոզել իրեն։
«Դա պարզապես գեղեցիկ փաթեթավորված իմիտացիա է։ Նրանք ձախողել են բոլոր ծրագրերը, և եթե դադարեցվի «40+10» ծրագիրը, Արցախի ժողովուրդը կկանգնի սոցիալական աղետի առաջ։ Բնակարանային ծրագիրը չի բավարարում արցախցիների կարիքները»,-ասաց նա։
Ծրագրի ձախողման պատճառներից մեկը, նրա կարծիքով, առաջարկվող գումարի չափազանց փոքր չափն է, որը չի համապատասխանում բնակարանների շուկայական գներին։ Բացի այդ, Մարգարյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ բնակարաններ են առաջարկվում սահմանամերձ գյուղերում, որտեղ արցախցիները զբաղվածության խնդիր կունենան։
Սիրվարդ Մարգարյանը տեղեկացրեց, որ վերջին հանդիպման ժամանակ առաջարկել են ևս մեկ ամսով երկարացնել սոցիալական աջակցությունը՝ Ազատության հրապարակից վրանը հանելու պայմանով։
«Նրանց ավելի շատ մտահոգում է իրենց չունեցած իմիջը, քան այն մարդիկ, ովքեր հայտնվել են սոցիալական ծանր վիճակում։ Մենք պայքարելու ենք մեր իրավունքների համար մինչև վերջ։ Մենք կառավարությանը ներկայացրել ենք 12 կետանոց պահանջ և ակնկալում ենք ստանալ կոնկրետ, ոչ լղոզված պատասխաններ, անիմաստ առաջարկներ և երկխոսության կոչեր»,- ընդգծեց հրապարակախոս Սիրվարդ Մարգարյանը։
Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամը նաև ընդգծեց, որ իրենց հիմնական նպատակը արցախցիների հավաքական վերադարձն է Արցախ․«Մյուս բոլոր պահանջներն ու խնդիրների լուծումները քայլ առ քայլ ուղղված են դրան։ Արցախի բնակիչը պետք է տանիք ունենա և նվազագույն կենսապայմաններ, որպեսզի կարողանա կենտրոնանալ հիմնական և վերջնական նպատակի վրա։ Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա դրանք շատ են։ Սակայն արցախցին չի վախենում խնդիրներից, եթե նրանց չխանգարեն՝ օգտագործելով իրենց ողջ «զինանոցը»»։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է․ «Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»։
Սիրվարդ Մարգարյանի խոսքով՝ Ազատության հրապարակում վրան է տեղադրվել, որտեղ ամեն օր հանդիպումներ, քննարկումներ են լինում, առաջարկներ են հնչում։
«Մենք բաց ենք հասարակության բոլոր շերտերի համար, այդ թվում՝ քաղաքական կուսակցությունների, տարբեր շարժումների, հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների և այլն։ Քննարկումները կավարտվեն մինչև ապրիլի 15-ը, որից հետո խորհուրդը կհայտարարի հետագա քայլերի մասին»,- նշեց Սիրվարդ Մարգարյանը։
Արցախցի գրողը նաեւ նշեց, որ արցախցիները Հայաստանում են գրեթե մեկուկես տարի, եւ ինտեգրացիոն գործընթացն աստիճանաբար առաջ է գնում։ «Դժվար է, բայց առաջընթաց կա, պատճառները թե՛ օբյեկտիվ են, թե՛ սուբյեկտիվ, անվստահություն կա նաև ՀՀ իշխանությունների և նրանց ներկայացրած ծրագրերի նկատմամբ։ Արցախի բնակիչներից շատերի համար բնակարանային վկայական ստանալը շատ դժվար որոշում է, քանի որ կարծում են, որ անպայման ՀՀ քաղաքացիություն ստանալով՝ կկորցնեն իրենց ինքնությունը և կկորցնեն սեփականության իրավունքը Արցախում»,- ասաց Սիրվարդ Մարգարյանը։
Նրա խոսքով՝ խորհրդի ներկայացուցիչներիը հանդիպում են նաև Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ «Բոլոր հանդիպումների նպատակը մեկն է՝ համախմբել բոլոր առողջ ուժերը մեկ դրոշի տակ և մեկ նպատակի շուրջ: Մեր պայքարը հանուն արժանապատիվ կյանքի, արցախցիների արտագաղթը կանխելու և վերջնական նպատակին հասնելու համար: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ժողովրդի իրավունքներին վերաբերող մի շարք հարցեր և դրանց լուծմանն ուղղված մի շարք համատեղ ծրագրեր։ Որոշում կայացնելուց առաջ մեզ համար կարևոր է լսել բոլորի կարծիքը»։
Սիրվարդ Մարգարյանը նշեց նաև հայության միասնության և համերաշխության կարևորությունը այս դժվարին ժամանակահատվածում․«Հայաստանի կուսակցությունների ներակայցուցիչների և հասարակական գործիչների հետ հանդիպումներում նրանք նշում են, որ ըմբռնումով են վերաբերվում մեր խնդիրներին և վստահեցնում, որ մեզ հետ են և կշարունակեն մեզ հետ լինել պայքարի առաջին գծում։ Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների հետ շփումներին, ապա դրանք դեռևս իրականացվում են միայն փոխվարչապետի մակարդակով։ Հայաստանը պարտավոր է պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները, սակայն ոչ միայն չի պաշտպանում, այլ նույնիսկ խոչընդոտում է այդ իրավունքների պաշտպանությանը»։
Զաբելա Ավագյան