«Տիգրան Աբրահամյանը հանդգնում է արտագաղթից խոսել, այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին ՀՀ-ից 300 հազարից ավել մարդ է հեռացել»․Ռուբինյան

ԱԺ-ում խաղաղություն-պատերազմ, ցեղասպանություն-ուրացում դիսկուրսն էր նորից՝ «Իշխանություններն ուզում են ջնջել անցյալը»․ընդդիմադիր պատգամավորի այս խոսքերին ՔՊ-ից հակադարձում են՝ հանրությունն աջակցում է ոչ թե անցյալով ապրող ուժերին, այլ՝ խաղաղության օրակարգին
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այսօր «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանն ամբիոնից երկու լուսանկար ցուցադրեց՝ մեկը 1915 թվականի ցեղասպանությունից փրկվածների գաղթի ճամփի, մյուսը՝ տեղահանված արցախցիների, ապա նա դրանց միջև զուգահեռներ տարավ․«Հայկական երկու պետությունների գոյության պայմաններում, 110 տարի անց, մենք ընդամենն ունեցանք գաղթի ճանապարհից գունավոր նկար»։
Նրա խոսքով՝ պատմական ողբերգությունների այս կրկնությունը ոչ միայն դրսից եկող սպառնալիքների, այլև ներսում վարվող քաղաքականության արդյունքն է․ «Սա տեղի ունեցավ առաջին հերթին այն պատճառով, որովհետև թշնամին դարձավ կիրթ ու կառուցողական, ու Հայաստանում վարվեց թշնամուց եկող սպառնալիքի նվազեցման քաղաքականությունը։ Էդ ուղերձը հղվեց մեր հանրությանը։ Հիմա էլ այդ նույն քաղաքական ուժը նոր սպառնալիք է գտել մեր ժողովրդի համար, և այդ սպառնալիքը՝ Արարատ լեռն է։ Պարզվում է՝ մի քիչ շատ նայենք Արարատ լեռանը, մի քիչ այդ մասին խոսենք, Թուրքիան կջղայնանա ու կարող է նաև հարձակվել։ Ներկայիս իշխանություններն ուզում են ջնջել անցյալը, որպեսզի կառավարեն ապագան»։
Նա հարցադրեց, թե ինչու Ցեղասպանության 110-ամյակի նախաշեմին պետությունը պետական հանձնաժողով չի ձևավորել՝ հայտարարելով. «Մենք ընդամենը հարց ենք տալիս՝ օրինակ, 110- ամյակի տարելիցի կապակցությամբ ինչու՞ բա պետական հանձնաժողով չկա, էդ հարցի պատասխան չկա, որովհետև Ցեղասպանության ճանաչումը էլ իրենց արտաքին քաղաքական առաջնահերթությունը չի ու այստեղ հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է առաջնայինը Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները բավարարե՞լը»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն էլ ընդդիմադիրներին արձագանքեց, նա իր ելույթում ասաց՝ վարչապետը երբեք չի հերքել պատմական իրողությունները՝ այդ թվում՝ Ցեղասպանությունը։ Նրա խոսքով՝ վարչապետը պարզապես առաջարկել է հանրային քննարկում, թե երբ է հայ հասարակությանն ընձեռվել հնարավորություն՝ այդ մասին ազատ խոսելու։
«Սա ժողովրդավարական երկիր է, ու այո՛, գնդակը հանրության ձեռքում է։ Բայց եթե չեք նկատել՝ էդ գնդակով Ձեզ հետ խաղալ երկար ժամանակով ոչ ոք չի ուզում», – ասաց Ղազարյանը։
Նրա ներկայացմամբ՝ հասարակությունն այսօր աջակցում է ոչ թե անցյալով ապրող ուժերին, այլ՝ խաղաղության օրակարգին։
«Գնդակը հանրության ձեռքում է, և նրանք արձագանքում են խաղաղության օրակարգին՝ աջակցելով մեր ռեֆորմներին»,–հայտարարեց պատգամավորը։
Ղազարյանը անդրադարձավ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանին, ասելով, թե նա ինչ-որ բաներ է գուժում` նկատի ունենալով պատերազմը։
Ի պատասխան ընդդիմադիրների պնդմանը՝ թե իշխանությունը խոստացել էր խաղաղություն, բայց ստանում ենք պատերազմ, Ղազարյանն ասաց․«Չնայած ընդդիմության ջանքերին՝ թերագնահատելու, այն, ինչ ունի Հայաստանն ու Աղդրբեջանն այս պահին, դա պատերազմ չէ։ Դա խաղաղության համաձայնեցված տեքստն է։ Մենք թույլ չենք տալու սա թերագնահատեք»։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ հավելեց․«Մի բան էլ ես ասեմ՝ Տիգրան Աբրահամյանը հանդգնում է արտագաղթից խոսել, այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիներին Հայաստանից հեռացել է ավելի քան 300 հազար մարդ»։
Սյուզաննա Խառատյան