Երևան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը | Region

Երևան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

Դեկտեմբեր 21,2023 18:35

ՀԱՊԿ-ից Հայաստանի լուրջ դժգոհությունների ֆոնին այսօր Երևան է ժամանել կառույցի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը: ՀԱՊԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ պաշտոնյան պատրաստվում է Երևանում քննարկել նոյեմբերին Մինսկում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքները, որի ընթացքում ընդունվել են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր:

Հենց այդ փաթեթով է Իմանգալի Տասմագամբետովը Երևանում, որպեսզի Հայաստանը ևս միանա դրանց: Այցի ընթացքում նախատեսված է հանդիպում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Կառույցի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ այլ հանդիպումների մասին խոսք չկա:

Ամենայն հավանականությամբ այսօր գլխավոր քարտուղարի բերած փաթեթում է նաև ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու հարցը: ԱԳՆ-ից մինչ այժմ ոչ միայն այս, այլ ամբողջ փաթեթին միանալու առնչությամբ դիրքորոշում չեն հայտնել: Ավելի վաղ ընդգծել էին, թե այդ հարցը կդիտարկեն փաստաթղթերին ծանոթանալուց հետո:

Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը ՀԱՊԿ նիստերը բոյկոտելուց բացի, տարեսկզբին Հայաստանի տարածքում չընդունեց կառույցի զորավարժությունները, հրաժարվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից, իսկ սեպտեմբերին հետ կանչեց ՀԱՊԿ-ում իր ներկայացուցչին և մինչ օրս նոր դեսպան չի նշանակել:

Չնայած սրան՝ պաշտոնական Երևանը ռազմական դաշինքը լքելու մտադրության մասին չի խոսում, հակառակը վերջին օրերին՝ իշխանական տարբեր ներկայացուցիչներ կարծիք են հայտնում, թե Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման անհրաժեշտություն կա։

Նորություններ