Վտանգավոր խաղի մասին խոսակցությունները շարունակվում են․Գյումրու դպրոցներից մեկի աշակերտը պատմել է, որ դասընկերը փորձել է գունավոր դռների խաղը | Region

Վտանգավոր խաղի մասին խոսակցությունները շարունակվում են․Գյումրու դպրոցներից մեկի աշակերտը պատմել է, որ դասընկերը փորձել է գունավոր դռների խաղը

Ապրիլ 22,2025 17:01

Սոցիալական ցանցերում, մասնավորապես, ծնողական խմբերում, շարունակվում են քննարկումները դպրոցներում տարածվող նոր ու վտանգավոր խաղի մասին, որը երեխաներն անվանում են «Կարմիր դուռ, դեղին դուռ»։

Չնայած հայտարարություններին, որ իրավապահները ահազանգեր չեն ստացել այս խաղի հետևանքների մասին, այդուհանդերձ, բազմաթիվ ծնողներ դեռ անհնագստացած են։

Վերջին շրջանում խաղի մասին ահազանգերը հիմնականում Երևանում էին, սակայն Գյումրի քաղաքի որոշ դպրոցահասակ երեխաներ էլ որոշել են փորձել այս խաղը։

Այս խաղը ենթադրում է, որ դրան մասնակից երեխաների խումբը կատարում է վտանգավոր ու հոգեբանական ազդեցություն ունեցող առաջադրանքներ։ Որոշ դեպքերում խաղի ընթացքում մասնակիցներից մեկի քներակը «տրորում են»՝ իբր գիտակցությունը կորցնելու կամ «այլ իրականություն մտնելու» նպատակով։

Լուսինե Պետրոսյանը պատմում է, որ մայրաքաղաքի Թումոյի այգում անձամբ է տեսել, թե ինչպես են 12-13 տարեկան երեխաները փորձում խաղալ այդ խաղը․ «Մի երեխա ասում էր՝ չէ, տենց չի, մյուսը՝ չէ, տենց ա։ Նրանք շփոթված էին, հուշումներով փորձում էին, բայց չէր ստացվում։ Մոտեցա, ասացի՝ մի փորձեք, չգիտեք՝ ինչ հետևանք կարող է ունենալ։

Գյումրու թիվ 21 դպրոցի աշակերտի ծնողներից մեկը, որը չցանկացավ անունը նշենք, REGIONS TV-ին ահազանգեց, որ երբ իր երեխաների հետ խոսում էր այդ խաղի մասին, ավագ երեխան նշել է, որ իր դասընկերներից մեկը մասնակցել է այդ խաղին ու հայտնվել վտանգավոր իրավիճակում։ Ըստ նրա՝ աշակերտին հաջողվել է գիտակցության բերել, սակայն դեպքը տեղի է ունեցել դպրոցի տարածքից դուրս։

Դպրոցի տնօրեն Հասմիկ Անդրիասյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ նման դեպքեր իրենց դպրոցում չեն արձանագրվել.«Դաստիարակչական գծով մեր փոխտնօրենները շատ հետևողական և ուշադիր են, բայց նման դեպքեր չենք նկատել»։

Արդյոք Շիրակի մարզի այլ դպրոցներում ևս նման իրավիճակ արձանագրվել է, թե՝ ոչ, փորձեցինք պարզել Շիրակի մարզպետարանից և Գյումրու  քաղաքապետարանից ու մի քանի այլ կրթօջախներից։ Բոլորը մեզ վստահեցրին, որ  իրենց այդպիսի դեպքեր հայտնի չեն։

Այն, ինչ երեխաները ընկալում են որպես արկած կամ փորձառություն, իրականում կարող է վերածվել ծանր հետևանքների։​ Մասնագետները նշում են՝ խաղի ընթացքում, երբ երեխաները սեղմում են մյուս երեխաների քներակը, դա կարող է հալյուցինացիաներ առաջացնել, ինչն էլ նրանց մոտ կարող է պատրանք ստեղծել, թե «ընկել են այլ աշխարհ» ու իբրև թե գունավոր դռների միջով են անցնում։

Մանկաբույժ Մերի Մարանդյանը գուշացնում է՝ հատկապես քներակների սեղմումը լրջագույն վտանգ է ներկայացնում մարդու առողջության, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ կյանքի համար։

«Քներակները ուղեղը արյունով ապահովող հիմնական անոթներն են։ Երբ դրանք սեղմվում են, ուղեղին մատակարարվող թթվածնով հարուստ արյունը կտրուկ նվազում է, ինչը կարող է առաջացնել գլխապտույտ, աչքերի առաջ մթագնում, իսկ երկարատև սեղմման դեպքում՝ ուշագնացություն»,- REGIONS TV-ի հետ զրույցում բացատրեց բժիշկ Մարանդյանը։

Նրա խոսքով՝ ուղեղում վնաս կարող է սկսվել արդեն 5–10 վայրկյանում, եթե արյան հոսքը դադարում է, իսկ ուշագնացություն հնարավոր է նույնիսկ 3–5 վայրկյանի ընթացքում։ Բժշկի փոխանցմամբ՝ հնարավոր հետևանքները տատանվում են թեթև ու միջին ծանրությունից մինչև ծանր վիճակների՝ ուղեղային իշեմիայի, հիշողության կամ խոսքի կորստի, սրտի կանգի կամ մահվան։

Թեթև հետևանքներից կարող է լինեն գլխապտույտ, տեսողության խանգարում, իսկ միջին ծանրությանը՝ ուշագնացություն, շնչառության դանդաղում։

Հոգեբան Իրինա Խանամիրյանը REGIONS TV-ի հետ զրույցում ընդգծում է՝ երեխաների ներգրավումը նման խաղերում պայմանավորված է նրանց տարիքային հետաքրքրասիրությամբ և վտանգի հասկացության պակասով։

«Երեխաները ներգրավվում են նման խաղերի մեջ, որովհետև նախ՝ «վտանգ» բառը չեն հասկանում։ Այն հետաքրքրություն է առաջացնում, իսկ ցանկացած հետաքրքիր բան նրանց գրավում է։ Նրանք ունեն ճանաչողական պահանջմունք, և դրանից դրդված կարող են շատ տարբեր փորձարկումներ անել»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ ծնողները կարող են ժամանակին նկատել, եթե իրենց երեխան շփվում է վտանգավոր խաղերի հետ։

«Եթե սրվում են վախերը, երեխան դառնում է անհանգիստ, օրվա ընթացքում արտահայտում է անհանգստացնող մտքեր կամ վարքի փոփոխություններ են նկատվում՝ ուշադրության կենտրոնացման դժվարությամբ, դա կարող է նշան լինել, որ երեխայի առօրյայում ինչ-որ բան է փոխվել»,-նշում է հոգեբանը։

Հոգեբանի համոզմամբ՝ ամենաարդյունավետ ճանապարհը երեխաներին նախօրոք իրազեկելն է, կտրուկ ու խիստ արգելելը կարող է հակառակ ազդեցությունը ունենալ․«Հստակ պետք է ասել, որ նման խաղեր կան, և ցույց տալ դրանց վտանգները։ Պետք չէ վախեցնել մահվան սցենարներով։ Կարևորը երեխային բացատրելն է, թե ինչպես է այդ ամենն ազդում»։

«Այդ տարիքում մոգական մտածողությունը դեռ ակտիվ է, անձը՝ ձևավորման փուլում, հետևաբար՝ նման խաղերը հատկապես գրավիչ են դառնում։ Ծնողը պետք է լինի կողքին՝ առանց վախ սերմանելու, պարզապես բացատրելով, որ այդ խաղերն իրականում ոչ մի իմաստ չունեն, ոչ էլ՝ հետաքրքրություն»,- ամփոփեց հոգեբանը։

Ոստիկանությունից REGIONSTV-ին վստահեցրին, որ նման խաղի վերաբերյալ դեռևս որևէ ահազանգ կամ գրանցված դեպք չունեն, սակայն կոչ են անում ծնողներին, ականատեսներն և դպրոցներին լինել զգոն, ցանկացած նման դրսևորում նկատելու դեպքում՝ անմիջապես հաղորդել համապատասխան մարմիններին։

 

Սյուզաննա Խառատյան

Նորություններ