Գյումրիում ջրամատակարարը 250 կմ փողոց է քանդել, հերթն ասֆալտապատվածներին է հասել | Region

Գյումրիում ջրամատակարարը 250 կմ փողոց է քանդել, հերթն ասֆալտապատվածներին է հասել

Փետրվար 13,2024 11:11

Գյումրին շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովելը շատ թանկ է նստում բնակիչների վրա: Հանուն ջրամատակարարման խնդրի լուծման, մարդիկ ստիպված են տարիներով հանդուրժել «Դորոժնիկ» ընկերության անփույթ աշխատանքը: Ընկերությունը շատ արագ փողոցները քանդում է, փոսերը փորում ու բնակիչներին թողնում ցեխոտ ճանապարհների հույսին, որոնցով անգամ ավտոմեքենաները չեն կարող երթևեկել:

Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնյաները «Դորոժնիկի» ղեկավարությանը վերջնաժամկետ են ներկայացնում քաղաքի փողոցները խճապատելու համար:

«Ունենք բավականին մեծ թվով բողոքներ մարդկանցից, որ փողոցները աշնանը փորել են, այդպես թողել, գրունտը թուլացել է, ու հիմա ոչ միայն մարդկանց, այլ նաև մեքենաների անցուդարձն է անհնարին դարձել: 21-րդ դարում փողոցներն անանցանելի են: Բնակչության շուրջօրյա ջրամատակարարում ունենալը չի նշանակում, որ մարդիկ պետք է ցեխերի միջով անցնեն-դառնան»,- հայտարարեց Գյումրիի համայնքապետ Վարդգես Սամսոնյանը ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Դորոժնիկի» տնօրեն Արարատ Հովհաննիսյանի պատասխանը նորից անորոշ է, ինչպես ծրագրի ամբողջ ընթացքում. «Քանի որ ձմեռը անցել է, պիտի դեռ ուսումնասիրենք: Ու հետո, չէինք պատկերացնում, որ էսքան շուտ էր ձնհալը լինելու: Աշխատանքները սկսել ենք»:

Քաղաքապետարանն առաջարկեց, որ ջրագծեր անցկացնող ընկերությունը լրացուցիչ տեխնիկա դուրս բերի շինհրապարակ, որպեսզի օր առաջ, ժամ առաջ քանդված փողոցները խճապատվեն ու բնակիչներն ազատվեն ցեխակույտերից:

Քաղաքի փողոցներն առանց այդ էլ խայտառակ վիճակում են, ավելի քան 20 փողոց էլ «Դորոժնիկն» է քանդել ու թողել, որոնցով մեքենաները տեղաշարժվել չեն կարող:

Ընկերության աշխատակիցները փորձեցին որպես արդարացում բերել Գյումրիի գրունտը, որը իբր անձրևից հետո շատ ավելի վատն է դառնում ու խնդիրներ ստեղծում: Վերջին հաշվով, ըստ համայնքապետի, սա արդեն իրենց չի հետաքրքրում, պատրաստ են տեխնիկապես իրենք էլ աջակցել, միայն թե խնդիրը շուտ լուծում ստանա:

Անի թաղամասի ասֆալտապատման չարչրկված ծրագրից էլ խոսեցին: Դա արդեն հաջորդ տարվա համար է: Պարզվեց, որ եթե ծրագիրը հաստատված էլ լիներ, ապա չէր իրագործվի, քանի որ «Դորոժնիկը» ջրամատակարարման ցանցի նորացման աշխատանքները դեռ չի ավարտել Անի թաղամասում: 30 մուտքերի միացում դեռ արված չէ, փորձարկում կատարված չէ, հին ջրագիծն էլ թաղամասից անջատված չէ: Սա, ըստ տնօրենի, խնդիր է, քանի որ շենքերի ջրամատակարարման ցանցերի սխեմաները չկան, միացումներից հետո վթարների տեղերը մուտք առ մուտք են փնտրում:

Արարատ Հովհաննիսյանի խոսքով՝ դեռ 20 փողոց էլ կա քանդելու Գյումրիում, քաղաքապետը թույլ չի տալիս: Ընդ որում, այդ փողոցներից երկուսը՝ Երևանյան խճուղին և Նեկրասովի փողոցը, նոր են ասֆալտապատվել, այսինքն քանդվելու է նոր ասֆալտը: Ըստ Վարդգես Սամսոնյանի, եթե հնարավոր լինի հորատանցքով ջրագծերը փոխել, ապա ասֆալտը չի քանդվի: «Դորոժնիկի»  ղեկավարը անմիջապես պնդում է. «Հնարավոր չէ»:

Ջրամատակարարման նորացման այս մեծ ծրագիրը, որն իրականացվում է KFW բանկի վարկային միջոցներով, պետք է անցած տարի գարնանը ավարտված լիներ, բայց նաև տեխնիկական խնդիրներ են եղել ու ժամկետը երկարացվել է մինչև այս տարեվերջ: Շինարարի նկատմամբ տուգանքներ չեն կիրառվել:

Ավելի քան 11 մլն եվրո արժողության ծրագիր է սա, որի ամբողջ ընթացքում Գյումրիում 250 կմ ավտոճանապարհ է քանդվել, ինչը լուրջ անհարմարություններ է ստեղծել բնակիչների համար:

Ըստ քաղաքապետի, այս և այլ ծրագրերով մոտ 70 փողոց է բարեկարգվելու, բայց դեռ 80 կմ ճանապարհ Գյումրիում մնում է անբարեկարգ:

Կարինե Կազարովա

Նորություններ