Գյումրիի Բարեկամության այգում արդեն գործում է սահադաշտը | Region

Գյումրիի Բարեկամության այգում արդեն գործում է սահադաշտը

Դեկտեմբեր 26,2023 18:49

Գյումրիի Բարեկամության այգում սկսել է գործել բաց սահադաշտը։ Այգու հյուրերը կարող են սահել չմուշկներովինչպես նաև տաքանալ գլինտվեյնով,  տեղի սրճարաններում սուրճ ու թեյ վայելել։ Սահադաշտը մինչև մարտ  բաց կլինի այցելությունների համար՝ երեքշաբթիից կիրակի, ժամը 14։00-22։00ին:

Սահադաշտն արդեն երկրորդ տարին է, ինչ գործում է Գյումրիում, անցած ձմեռային սեզոնին այն ավելի քան 4000 մարդ է ընդունել:

Բարեկամության այգու վերականգնման ծրագրի իրականացումն սկսվել է 2021 թվականի աշնանը։ 2023 թ. փետրվարին կայացել է սահադաշտի և Վերնիսաժի բացման արարողությունը, որտեղ ներկայացված են գյումրեցի նկարիչների և վարպետների աշխատանքները։ Այգու մնացած գոտիների գործարկումը կիրականացվի աստիճանաբար, այգու վերջնական թարմացված տարածքի բացումը պլանավորվում է 2024 թ-ին։

«Բարեկամության այգին եզակի նախագիծ է քաղաքի համար, որովհետև այն ոչ միայն միավորում է տարբեր գործընկերների՝ պետություն, միջազգային և մասնավոր կազմակերպություններ, այլ համարվում է թերևս այսպիսի մասշտաբով առաջին նախագիծը Հայաստանում, որն ստեղծվել է տեղի բնակիչների հետ համատեղ։ Այգին վերականգնելու գաղափարը Ռուբեն Վարդանյանինն է։ Նա շատ էր ցանկանում, որպեսզի այգին ոչ միայն հաճելի ժամանցի վայր լինի տեղի բնակչության համար, այլև ստեղծի միջավայր, որտեղ  հնարավոր կլինի ծանոթանալ Գյումրիի ինքնատիպ մշակույթին ու ավանդույթներին, ինչպես նաև իր  նորարարական լուծումներով տպավորի քաղաքի հյուրերին: Նա համոզված էր, որ այգու վերականգնումը ոչ միայն կմեծացնի քաղաքի զբոսաշրջային հնարավորությունները, այլ նաև գյումրեցիներին կտա հպարտության նոր առիթ։ Վարդանյանը շատ անգամ է ասել, որ «գյումրեցիները պետք է սիրեն նախագիծը։ Միայն այդպես այն հաջողված կհամարվի»», – նշել է ծրագիրն իրականացնող TUF հիմնադրամի ղեկավար Ելենա Մուրադյանը։

Այս սեզոնին սահադաշտն անցկացնում է սոցիալական միջոցառում «Բաբո» մարդասիրական ճակատի աջակցությամբ։ Այս բարեգործական նախաձեռնությունն օգնում է Արցախից բռնի տեղահանվածներին, որոնց համար կկազմակերպվեն անվճար այցելության հատուկ օրեր։

Վերնիսաժում տաղավարների և սահադաշտի կառուցումն իրականացվել է Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի (TUF) կողմից, որի համահիմնադիրն է Ռուբեն Վարդանյանը։ Շինարարությունը իրականացվել է Եվրամիությունը՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի ու BMZ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից,  իրականացվում՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։

Նորություններ