Թուրքիայից 800 մ հեռու գտնվող Գտաշենում ո՛չ խանութ կա, ո՛չ գազ, ո՛չ ենթակառուցվածքներ
Շիրակի մարզի Ամասիա համայնքը կրկնակի խոշորացումից հետո 26 բնակավայր ունի: Սպասվում էր, որ խոշորացման արդյունքում, միասնական բյուջեով կառավարման պարագայում, ավելի մեծ ուշադրության էին արժանանալու հյուսիսային, մոռացված բնակավայրերը:
Բայց հրաշք տեղի չունեցավ: Ամասիայի հեռավոր գյուղերը շարունակում են մնալ նույն աղքատ վիճակում: REGIONSTV-ի նկարահանող խումբը եղել է Գյումրիից ընդամենը 13 կմ հեռավորության վրա գտնվող Գտաշեն գյուղում: Թուրքիայի հետ սահմանակից այս գյուղը 20 տարի առաջ մինչև 400 բնակիչ ուներ, հիմա՝ ընդամենը 100: Գյուղաբնակների կյանքում խոշորացմանը հաջորդած 8 տարիներին ևս տեսանելի առաջընթաց չեղավ:
Երիտասարդները հեռացել են, աշխատունակները՝ արտագնա աշխատանքի մեկնել: Նրանք, ովքեր գյուղը լքել դեռ չեն պատրաստվում, ահազանգում են. «Գտաշենը շենացնելու համար երիտասարդներին գայթակղել է պետք, բայց ո՛չ ռազմավարական ծրագիր կա, ո՛չ էլ այն մշակելու մտադրություն»: