Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով վկան դատարանում բացառեց դիվերսիայի վարկածը | Region

Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով վկան դատարանում բացառեց դիվերսիայի վարկածը

Օգոստոս 08,2025 15:42

Այսօր Ազատի զինվորական կացարանի հրդեհից զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստն է, վկա Շիրազ Խաչատրյանը դատարանում ցուցմունք տվեց։

Նա ասաց, որ ամսի 18-ին տանն է եղել, գիշերը բանակային կորպուսի հրամանատարը զանգել, կանչել է․«Ներկայացել եմ,  ասել է՝ հրդեհ է եղել Ազատ գյուղում, շուտ հասի՝ տես ինչ է եղել։ Անմիջապես գնացել եմ Ազատ գյուղ, ժողովուրդը հավաքված էր, հրշեջ մեքենաներ կային, փորձել եմ ճշտել է՝ ինչ է եղել, այդ ժամանակ դեռ ոչինչ պարզ չէր։ Կես ժամ հետո Աղեկյանն Գոռն ասաց, որ որ սպան փորձել է բենզինի կանեստրով վառել վառարանը, ու կանեստրը անզգուշաբար, թե ոնց, շուռ է տվել դեպի զորանոցի կողմը, որտեղ անձնակազմն է քնած եղել»,-ասաց վկան։

Նրա խոսքով՝ զինծառայողներին  դուրս հանելուց հետո պարզվել է, որ 15 զոհ կա․«Հրշեջների աշխատանքներին ներկա եմ եղել, փորձել եմ ինչ–որ բանով օգնել, արագացնել իր գործընթացը՝ որ կարողանանք գոնե մի երեխու կենդանի հանել այդտեղից»։

Շիրազ Խաչատրյանը նաև նշեց, որ հրշեջ–փրկարարների հետ  որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ իր օգնությամբ փրկարարները 4 զինվորի մարմին են հանել կացարանից։

Անդրադառնալով դիվերսիայի վարկածին, վկան այն բացառեց, ասաց․«Բացառվում է, որ դիվերսիոն խումբ մտներ Ազատ գյուղ, որովհետև գյուղ հասնելու համար պիտի ամբողջ առաջնագիծը հատեր, այսինքն առաջնագծում պիտի ինչ-որ մեկին վնասեին, որ գյուղ հասնեին»։

Վկա Խաչատրյանը պնդեց․«Ամեն օր մարտական հենակետերում եմ եղել, մեր աշխատանքները խանգարելու համար հաճախ հեռահար կրակոցներ էին լինում, բայց ինչ–որ դիվերսիոն գործողություն կամ որ մեր թիկունք մտնեին՝ ոչ»։

Տուժողների իրավահաջորդների փաստաբան Նորայր Նորիկյանը հետաքրքվեց՝  դեպքի վայրը տեսնելով, կարե՞լի է ենթադրել, որ հրդեհը բռնկվել է պայթյունի հետևանքով, վկան պատասխանեց, որ չի կարող ասել,  պայթյունն ինչի հետևանք է։

Նա հայտնեց, որ դեպքի օրն ու դրանից հետո էլ ասել են, որ հրդեհը բռնկվել է սպայի՝ վառարանը բենզինի «կանեստրով» վառելու ժամանակ։

Հիշեցնենք, 2023 թվականի հունվարի 19-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրութուն տարածեց, ըստ որի՝ նույն օրը գիշերը ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Հիշեցնենք նաև, որ այս դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը՝ «․․․սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել»։ Փաշինյանի այս հայտարարությունը քննադատության արժանացավ, նրան մեղադրում էին, որ նա խախտել է անմեղության կանխավարկածը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Զոհված զինծառայողների ծնողները դժգոհ են իրավապահաների աշխատանքից, նրանք կասկածի տակ են առնում պաշտոնական վարկածը, պնդում են, թե  կացարանը դիտավորյալ են հրդեհել, եւ որ տղաները մինչև հրդեհն արդեն մահացած են» Ծնողներից ոմանք նշում են, որ տղաների եւ սպաների միջեւ հարաբերությունները լարված են եղել։

Նորություններ