Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը գալիք շաբաթ պաշտոնական այց կկատարի Հայաստան
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մարտի 1-ին հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին։
Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ համագործակցության ուղղությամբ իրականացված և իրականացվելիք քայլերը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ պաշտպանության նախարարի 2023 թ․ դեկտեմբերին Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Ըստ աղբյուրի՝ դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծել է, որ գալիք շաբաթ Հունաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում երկու երկրների ընդլայնվող համագործակցությանը։