Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը 2 ամսով կալանավորվեց | Region

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը 2 ամսով կալանավորվեց

Հոկտեմբեր 16,2025 10:15

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։ Դատարանի որոշմամբ սափհամանփակվել են նաև նրա տեսակցություններն այլ անձանց հետ, բացառությամբ մոր։

Մկրտիչ եպիսկոպոսը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Փաստաբանն ասաց, որ դատարանը որոշել է, որ այլընտրանքային խափանամիջոցների կիրառումը՝ տնային կալանք, գրավ և այլն, այս պահին բավարար չէ․Վերաքննիչ դատարանում միանշանակ բողոքարկելու ենք որոշումը, որովհետև այստեղ ակնհայտ ապօրինի դատական ակտի հատկանիշ կա և դրա մասին ամբողջ դատաքննության ընթացքում ասում էինք»։

Նշենք, որ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին մեղսագրվում է « ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով» համապատասխան հոդվածներով արարքները:

Փաստաբանն մեկնաբանմամբ՝  հոդվածներից մեկը, որը մեղսագրվում է, այն պահին, երբ ենթադրյալ արարքը կատարել է, հանցագործություն չի հանդիսացել․«Այսինքն իրենք ասում են 2021 թվականին դու հարկադրել ես, որպեսզի ընտրության մասնակցի և կոնկրետ անձի չընտրի, իսկ 2021 թվականին դա հանցագործություն չի եղել։ 2022 թվականի օրենսգրքով նոր վերածվել է հանցագործության։ Իսկ օրենքը պարզ է, եթե կոնկրետ արարքի կատարման ժամանակ դա հանցագործություն չի, ապագայի քրեականացումը չի կարող հետին ամսաթվով գնալ և դիտարկվել։ Հետևաբար, սա չէր կարող ընդհանրապես որպես մեղադրանք ներկայացվել։ Բայց ինչպես տեսնում ենք իրենք այսպես չակերտների մեջ ասած խուլ են, համր են, չեն տեսնում, չեն լսում, այնքան ժամանակ, քանի դեռ սա կոնկրետ հրահանգի արդյունք է»։

Երեմ Սարգսյանի խոսքով․«Մյուս հոդվածով էլ իրենք ասում են, որ կոնկրետ մեթոդների կիրառմամբ, քո լիազորությունները գործադրելով հարկադրել ես հավաքի մասնակցել։ Չկարողացան ցույց տալ օրենքով նախատեսված, թե ինչ եղանակով է այդ հարկադրումը կատարվել։ Ընդհանրապես հարկադրանքը չկարողացան ցույց տալ, ծառայողական լիազորությունները չկարողացան ցույց տալ։ Այսինքն, ընդամենը խոսքեր են, որ հանցագործություն է կատարել, բայց թե այդ հանցագործությունը ոնց է դրսևորվել, հանցավոր որևէ հատկանիշ չկա, հետևաբար առնվազն այս հիմքերով միանշանակ բողոքարկելու ենք»։

Երեկ Քննչական  կոմիտեն լուսանկարներ է հրապարակել խուզարկությունից՝  գումար, ոսկյա ձուլակտորներ և այլ իրեր կային։ Այս առնչությամբ էլ փաստաբանն ասաց․«Գնացել են, թեմում խուզարկություն են արել, բնականաբար գումար էլ կհայտնաբերեն։ Ի՞նչ խնդիր է, որ գումար են հայտնաբերել, թեմի առաջնորդարանում գումար պետք է չլինե՞ր։ Շատ բնական է, որ կա և պետք է լինի, որովհետև այնտեղ բազմաթիվ ծախսեր կան, որոնք պետք է հոգալ»։

Սարգսյանի դիտարկմամբ՝ երբ քաղաքական իշխանության ղեկավարը հայտարարում է եկեղեցու դեմ պայքարի մասին, ամբողջ քննչական, դատախազական, ոստիկանական, ԱԱԾ-ի համակարգը լծվում է սրբազանների կալանավորման, քահանաների կալանավորման գործին․« Այսքանից հետո կարելի է ասել, որ սա սովորական իրավական գործընթա՞ց է։ Իհարկե ոչ»։

Հիշեցնենք՝ երեկ իրավապահները գործողություններ են իրականացրել Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմում։ Ձերբակալվել էին թեմի առաջնորդը և ևս երկու անձ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը երեկ հայտարարություն է տարածել, որով իրավապահների գործողությունները որակել է ապօրինի քրեական հետապնդում, պնդել՝ սա  իշխանությունների «հրահրած հակաեկեղեցական համակարգված արշավի» հերթական դրսևորումն են:

Քննչական կոմիտեն երեկ հայտարարել է, որ Մկրտիչ եպիսկոպոսի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՔՕ149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը պաշտոնեական դիրքն օգտագործելով), 236-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

 

 

Նորություններ