Ադրբեջանի ընտրությունը որպես այլ ժողովուրդների ժառանգության պահպանման հարցերով զբաղվող կոմիտեի անդամ երեսպաշտություն է, հեգնանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներին․Հովիկ Ավանեսով | Region

Ադրբեջանի ընտրությունը որպես այլ ժողովուրդների ժառանգության պահպանման հարցերով զբաղվող կոմիտեի անդամ երեսպաշտություն է, հեգնանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներին․Հովիկ Ավանեսով

Նոյեմբեր 12,2025 17:05

Ադրբեջանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների վերադարձի միջկառավարական կոմիտեի անդամ ընտրվելը ոչ միայն հակասական է, այլև միջազգային իրավունքի և բարոյականության տեսանկյունից՝ բացարձակ ցինիկություն։

Կոմիտեն ստեղծվել է մշակութային ժառանգությունը պաշտպանելու և դրա վերադարձը իր ծագման երկրներ հեշտացնելու համար, այսինքն՝ կանխելու հենց այն, ինչ Ադրբեջանը համակարգված կերպով անում է Արցախում։

Փաստաթղթավորված ապացույցներն ինքնին շատ խոսուն են՝ Ստեփանակերտում, Արցախի այլ բնակավայրերում հայկական եկեղեցիների, վանքերի, հուշարձանների և տների ոչնչացումն ու ավերումը, պատմական արձանագրությունների համակարգված աղավաղումը, հայկական գերեզմանատների և հուշարձանների ոչնչացումը, անկախ միջազգային փորձագետների մոնիթորինգի համար մուտքի արգելքը, «պատմական արդարացումների» և պատմական հուշարձանների ոչնչացումն արդարացնելու համար Բաքվի կողմից կեղծիքների կիրառումը։ Այս կարծիքին է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը, որը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի աշխատակից է։

RegionsTV-ի հետ զրույցում նա ասաց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքները բացահայտորեն անտեսող Ադրբեջանի ընտրությունը դրանք պաշտպանելու համար պատասխանատու ղեկավար մարմնում ոչ միայն վարկաբեկում է կազմակերպությունն ինքնին, այլև վտանգավոր ազդակ հղում մշակութային ժառանգության ոչնչացման անպատժելիության մասին: Սա նախադեպ է ստեղծում, որի համաձայն՝ մշակութային արժեքների նկատմամբ վանդալիզմի իրականացնող  երկիրը հնարավորություն է ստանում ազդելու այս ոլորտում քաղաքականության վրա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Ադրբեջանն ընտրվել է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով միջկառավարական կոմիտեի (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ՝ 2025-2029թթ. մշակութային արժեքների վերադարձին նպաստելու համար։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Որոշումը կայացվել է կազմակերպության Գլխավոր համաժողովի 43-րդ նստաշրջանում: Կոմիտեն զբաղվում է մշակութային օբյեկտների վերականգնման հարցերով՝ դրանց ծագման երկրներին և ապօրինի յուրացման դեպքերի կարգավորմամբ։ Բաքվուն այս ընտրությունն անվանել է «մշակութային ժառանգության պաշտպանության գործում ավանդի միջազգային ճանաչում»:

Հովիկ Ավանեսովի խոսքով՝  ժամանակավորապես օկուպացված Արցախում ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կողմից իրականացված մշակութային ցեղասպանությունը հասել է աննախադեպ չափերի, ընդ որում, այն համակարգված կերպով է իրականացվում․ «Այս փաստը հաստատվում է ոչ միայն արբանյակային պատկերներով, այլև ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներով և տեսանյութերով։ 2020 թվականին թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում և դրանից հետո, ինչպես նաև Արցախի լիակատար օկուպացիայից և արցախահայերի բռնի տեղահանությունից հետո, փաստագրվել է վանդալիզմի ավելի քան 800 դեպք։ Դրանց թվում են եկեղեցիների, խաչքարերի, գերեզմանատների, հուշարձանների, հուշարձանային համալիրների, բարձրահարկ շենքերի, բնակելի թաղամասերի, ամբողջական բնակավայրերի, ինչպես նաև կրթական, մշակութային և պետական ​​հաստատությունների և այլ պատմական շենքերի կանխամտածված ոչնչացումն ու պղծումը։ Այս հստակ օրինակները վկայում են այս քաղաքականության կազմակերպված և պետության կողմից հովանավորվող բնույթի մասին»։

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը ներկայացրեց, իր խոսքով՝ ծանր ռազմական և շինարարական տեխնիկայի միջոցով ոչնչացված պատմական հուշարձանների ցանկը՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ Ժամ), Հադրութի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին (այն ամբողջությամբ ավերվել է), Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին, որը վերածվել է մզկիթի: Նրա ներկայացմամբ՝ պղծվել և վանդալիզմի են ենթարկվել բազմաթիվ եկեղեցիներ և վանքեր, այդ թվում՝ Հադրութի շրջանի Կատարո վանքը, Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցին, Շուշիի Սուրբ Փրկիչ և Սուրբ Աստվածածին Մեղրեցոց եկեղեցիները, Աղավնո գյուղի Սուրբ Նահատակաց եկեղեցին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի բարեխոսության տաճարը և Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Բազմաթիվ բնակավայրեր ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել են, մասնավորապես՝ Շուշիի շրջանի Քարինտակ և Լիսագոր գյուղերը, Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի մեծ մասը, Հադրութի շրջանի Թաղուտ, Խծաբերդ և այլ գյուղեր, ինչպես նաև Հադրութի և Ստեփանակերտի պատմական շրջանները։

Արցախում ոչնչացված, յուրացված և վնասված հուշարձանները, ինչպես ասաց Ավանեսովը, ոչ միայն պարզապես հայկական մշակույթ են, դրանք համամարդկային արժեքներ են, և դրանց կորուստը վնասակար է քաղաքակրթության համար որպես ամբողջություն։

«Մնացած հուշարձանները գտնվում են անմիջական և լուրջ սպառնալիքի տակ։ Եթե միջազգային կազմակերպությունները շարունակեն սահմանափակվել միայն ձևական և անատամ հայտարարություններով, նրանք կդառնան Ադրբեջանի հանցավոր քաղաքականության անուղղակի հովանավորներ»,-ընդգծեց Հովիկ Ավանեսովը։

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը նշեց, որ այս պայմաններում Ադրբեջանի ընտրությունը որպես այլ ժողովուրդների ժառանգության պահպանման հարցերով զբաղվող կոմիտեի անդամ ոչ միայն երեսպաշտություն է, այլև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբողջ հայեցակարգի հեգնանք։

«Այս որոշումը ցույց է տալիս, որ միջազգային դիվանագիտության մեջ աշխարհաքաղաքական շահերը հաճախ գերակշռում են մշակութային պաշտպանության սկզբունքներին և կասկածի տակ է դնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարողությունը կատարելու իր հիմնական գործառույթները։ Այլ կերպ ասած, մեկ այլ ազգի ժառանգության դեմ մշակութային ցեղասպանության մեջ մեղադրվող երկիրը այժմ պաշտոնապես իրավունք ունի ազդել մշակութային արժեքների վերադարձման և պահպանման վրա ամբողջ աշխարհում։ Կազմակերպության հռետորաբանության և իրական պրակտիկայի միջև այս բացահայտ հակասությունը մարտահրավեր է ժառանգության պաշտպանության ամբողջ միջազգային համակարգի համար»,-ասաց Հովիկ Ավանեսովը՝ հավելելով, որ այս իրադարձությունը, ըստ էության, կարող է դիտվել որպես ազդակ՝ մշակութային ժառանգության համար պատասխանատու միջազգային կառույցների  ու որոշ երկրների համար։

«Ադրբեջանի ընտրությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեի անդամ, որի խնդիրն է պահպանել այլ ազգերի ժառանգությունը, ծառայում է որպես քաղաքական լեգիտիմացման գործիք ազգերի պատմության և հիշողության ոչնչացման, այլ ոչ թե պաշտպանության համար»,-ասաց Ավանեսովը։

Զաբելա Ավագյան

Նորություններ