Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Կիպրոսում
Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Կիպրոսում: Այս մասին Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նշելով, որ երկրների միջև հարաբերությունները հիմնված են ջերմ եղբայրական հարաբերությունների և փոխըմբռնման երկարամյա պատմության վրա, նախարարը նշել է երկկողմ հարուստ օրակարգը։ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսին բոլոր զգայուն հարցերում աջակցության համար, այդ թվում՝ տարածքային ամբողջականության, Լեռնային Ղարաբաղից փախստականների օգնության և Կիպրոսում 30 հոգու բուժման կազմակերպման համար։
Ելնելով վերոգրյալից՝ որոշում է կայացվել դիվանագիտական ներկայացուցչություն բացել Կիպրոսում։ Դա տեղի կունենա մոտ ապագայում և ավելի կամրապնդի հարաբերությունները։
Նախարարը նշել է խորհրդարանների, ինչպես նաև ԵՄ շրջանակներում համագործակցության բարձր մակարդակը։ Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունը խորացնում է հարաբերությունները ԵՄ-ի հետ, և գործող Համապարփակ համագործակցության համաձայնագրին զուգահեռ՝ ընթանում է նոր գործիքների որոնում։ «Հրապարակային քննարկվել են մի քանի գործիքներ։ Այդ թվում՝ վիզային ռեժիմի ազատականացումը»,- նշել է արտգործնախարարը։
Կիպրոսի ԱԳ նախարարը ամբողջությամբ համաձայնություն է հայտնել իր գործընկերոջ՝ հարաբերությունների բարձր մակարդակի գնահատականի հետ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Կիպրոսի հարցում դիրքորոշման համար։ Նա հաստատել է Կիպրոսի պատրաստակամությունը՝ նպաստելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը, տնտեսական և քաղաքական իրադարձություններին, որոնք Հայաստանի Հանրապետությունը կմոտեցնեն ԵՄ-ին։
Վերջում նա Արարատ Միրզոյանին հրավիրել է այցելել Նիկոսիա։