«Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա»․ Միրզոյանի պատասխանը ԵԽԽՎ-ում բրիտանացի պատգամավորի հարցին | Region

«Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա»․ Միրզոյանի պատասխանը ԵԽԽՎ-ում բրիտանացի պատգամավորի հարցին

Հունվար 28,2026 17:02

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին։

ՀՀ իշխանություն-եկեղեցի հակասությունների մասին հարց հնչեց։

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունից և ԵԽԽՎ-ում ընդգրկված «Եվրոպական պահպանողականների և դեմոկրատական դաշինք» (EC/DA) խմբի անդամ, պատգամավոր Էդուարդ Լին հարց ուղղեց, նշելով, որ Հայ Առաքելական եկեղեցին 1700 տարեկան է, այն մեծ դեր է ունեցել անկախության հարցում։

«Պարոն Փաշինյանը հայտարարել է, որ նա ուզում ինքը ղեկավարել Հայ Առաքելական եկեղեցին, այն փոխել ազգային եկեղեցով։ Նա ձերբակալել է մեծ թվով եպիսկոպոսներ։ Սա միթե՞ ժողովրդավարական իրավունքների, կրոնական ազատությունների և խոսքի ազատության խախտում չէ, երբ ԵԽ-ի անդամ պետությունը պարտավոր է այս սկզբունքների համաձայն գործել»,-այսպիսի հարց հնչեցրեց բրիտանացի պատգամավորը։

Արարատ Միրզոյանն ի պատասխան ասաց․«Ներեցեք, այս բառն օգտագործելու համար, սա բամբասանք է, որը պետք է հստակցնել։ Սըր Էդուարդ, ես գիտակցում եմ ձեր ջանքերը, ձեր գործունեությունը հայկական մշակութային և հոգևոր ժառանգությունը պահպանելու գործում։ Համաձայն չեմ ձեր որոշ որակումների հետ։ Ցավում եմ, որ ձեր տեղեկատվությունն ամբողջապես ճշմարիտ չէ։

Հայաստանում հալածանք չկա հոգևորականների նկատմամբ։ Սակայն ուզում եմ մի հարց ուղղել ձեզ՝ կա մի իրավիճակ, որտեղ Հայաստանի որոշ քաղաքացիներ հրապարակայնորեն կոչ են անում բռնի կերպով, ուժով փոխել ժողովրդավար եղանակով ընտրված կառավարությանը, ուժի կոչեր են անում իշխանափոխության, դետալներով, բացահայտ բռնության կոչ են անում, սպանության կոչեր, ընդ որում, դրանցից մեկը ես էի, ո՞րը կլիներ ձեր որոշումը, ձեր գործողությունները։ Օրենքի գերակայություն կա Հայաստանում, բոլոր քաղաքացիները Հայաստանի հանրապետությունում պետք է գործեն օրենքի շրջանակներում, լինի հոգևորական, քաղաքական գործիչ, դիրիժոր, արվեստի գորիչ և այլն։

Իհարկե, կա անմեղության կանխավարկածը, բայց մենք լսել ենք բռնության կոչով հայտարարությունները, դա հրապարակային է եղել։ Տխուր իրականություն է, որ ունենք հոգևորականներ, որոնք սա արել են»։

Նորություններ