Ռոբերտ Քոչարյան․«Էն ժամանակ զանգել էի Հեյդար Ալիևին, ասել՝ բիտումը ձեզանից գնենք» | Region

Ռոբերտ Քոչարյան․«Էն ժամանակ զանգել էի Հեյդար Ալիևին, ասել՝ բիտումը ձեզանից գնենք»

Հունվար 29,2026 12:54

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է Ադրբեջանից բենզինի ներկրմանը։ Նա կասկածի տակ է դնում՝ ՝ Հայաստան եկած բենզինն ադրբեջանակա՞ն է, թե՞ ռուսական։

«Հայաստանում բենզինի պահանջարկը մոտավորապես 250 հազար տոննա է, դրա քանի՞ տոկոսն է կազմում  նախորդ տարեվերջին Հայաստան ներկրված ադրբեջանական 1200 տոննա բենզինը։ Դա կարո՞ղ է գնային որևէ ազդեցություն ունենալ շուկայի վրա։ Խոսակցությունները, թե դրա շնորհիվ է բենզինի գինն իջել, աբսուրդ են և հիմարություն։ Ես սրա անունը դրել եմ «քարոզչական բենզինի ներմուծում»,-ասել է Քոչարյանը։

Նրա կարծիքով՝ բենզինի գինն իջել է, որովհետև միջազգային նավթային շուկայում վերջերս մեծացել է նավթի արտահանումը Սաուդյան Արաբիայի, Բրազիլիայի, ԱՄՆ–ի և Կանադայի կողմից․«Սա բերել է նավթի գնի էժանացման, ինչն էլ բերել է նավթամթերքի էժանացման»։

Նրա ներկայացմամբ՝ Ադրբեջանում կա նավթազատման մեկ գործարան, որը հազիվ է բավարարում Ադրբեջանի պահանջարկը․«Նախորդ տարի տարի Ադրբեջանը 120 հազար տոննա պրեմիում տեսակի բենզին է ներմուծել Ռուսաստանից։ Նույնիսկ մեծ հարց է՝ Հայաստան եկած բենզինն ադրբեջանակա՞ն է, թե՞ ռուսական։ Հեքիաթներ են, թե ադրբեջանական էժան բենզինը կգա․․․ Ադրբաջանը չունի այդ քանակի բենզին»։

Անդրադառնալով հայտարարություններին, թե կարծես ապաշրջափակումը սկսվել է, Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտուր է սկսվում, Քոչարյանն ասել է․«Դա լավ է, բայց ո՞վ ու՞մ է ավելի մեծ լավություն անում՝ առնո՞ղը, թե վաճառո՞ղը։ Հայաստանում գեներացված գումարները գնում են Ադրբեջան։ Սա որպես մեծ լավություն ներկայացնելն, անկեղծ ասած, չեմ հասկանում։ Ես տասը տարի նախագահ եմ եղել, և մենք երբեք վառելիքի ներմուծման խնդիր չենք ունեցել։ Ի դեպ, վառելիքը Հայաստան ներկրվում էր Բուլղարիայից․ ռուսական նավթը գնում էր Վառնա, վերամշակվում և գալիս Հայաստան։ Ադրբեջանի երկաթուղու կարիքն ընդհանրապես չկար։ Եթե դա մեզ նոր հնարավորություններ է տալիս, նորմալ է, բայց մտածիր, թե ուր են գնում քո երկրի գումարները և ինչ են ֆինանսավորում»։

Եթե իր ուժն իշխանության գա, արդյոք կշարունա՞կվի բենզինի ներկրումը Ադրբաջնից, Քոչարյանը պատասխանել է․Իմ կառավարման ժամանակ, իշխանությունը երբեք բեզնին, դիզվառելիք չի ներմուծել, մասնավորն է ներմուծել։ Եթե պարզվի, որ ավելի էժան է Ադրբեջանից բերելը, պետք է մտածել։ Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ամեն ինչ նորմալ լինի, կբերեն։ Ես մեծ կասկածներ ունեմ, որ դա այդպես է լինելու»։

Քոչարյանը մի դրվագ պատմեց իր կառավարման տարիներից, թե ինչպես է դիմել Բաքվին բիտում գնելու համար․«Էն ժամանակ ես մի անգամ զանգել էի Հեյդար Ալիևին ու ասել՝ մենք մեխ ծրագիր ենք անում, Լինսի հիմնադրամով ասֆալտ ենք անում։ Անձամբ եմ զանգել ու առաջարկել, որ բիտումն իրենցից առնենք։ Իրանից էինք բերում, ասի, լավ քայլ է, իրենցից բերենք, տնտեսական հարաբերություններ ձևավորենք։ Ալիևը երկու օր հետ զանգել է, ասել՝ ճիշտ ես ասում, բայց մեր մոտ դա կարող է սխալ ընկալվի։ Եթե գնամ էդ գործարքին, ինձ լուրջ կքննադատեն։ Ասի՝ լսիր, ինձ ավելի շատ պետք է Հայաստանում քննադատեն, որովհետև մենք ենք առնում, փողը մենք ենք տալիս ձեր ապրանքը գնում։ Ասեց՝ այստեղ տրամադրությունները մի քիչ ուրիշ են, դուք հաղթած կողմ եք։ Սա էր մեր խոսակցությունը, ուղղակի ուզում եմ հասկանաք իմ վերաբերմունքը տնտեսական հարաբերությունների վերաբերյալ ու ճիշտ գնահատեք, թե ում հետ գործ ունենք»։

Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միանալու մասին Փաշինյանի հայտարարությանն Քոչարյանն այսպես արձագանքեց․«Մենք էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների ավելցուկ ունենք Հայաստանում։ Ադրբեջանն էլ ունի ավելցուկ։ Վատ չի լինի, եթե միանան, բայց հեքիաթներ են, թե մենք իրենց հոսանք ենք ծախելու կամ իրենք են մեզ ծախելու։ Մենք այդ հոսանքի կարիքը չունենք։ Մենք էական ավելցուկ ունենք էլեկտրաէներգիայի արտադրության։ Ադրբեջանն էլ ունի ավելցուկ, իհարկե, ոչ այն մասշտաբի, որքան մենք, բայց ունի»։

Նորություններ