«Եթե սոցիոլոգիան ցույց տա, որ ամենից շատ ձայներ բերողը ես եմ, ուրեմն ես եմ լինելու ցուցակի առաջնորդը»․ Քոչարյանն ընտրություններին «Հայաստան» դաշինքի մասնակցության մասին | Region

«Եթե սոցիոլոգիան ցույց տա, որ ամենից շատ ձայներ բերողը ես եմ, ուրեմն ես եմ լինելու ցուցակի առաջնորդը»․ Քոչարյանն ընտրություններին «Հայաստան» դաշինքի մասնակցության մասին

Հունվար 29,2026 14:09

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով խորհրդարանական ընտրություններում իր առաջնորդած ուժի մասնակցությանն ու այլ ուժերի հետ համագործակցությանը, հայտարարել է, որ բարենպաստ պայմաններ են նախընտրական խոշոր բլոկներ ձևավորելու համար։

Նա հիշեցրել է, որ նախորդ ընտրություններին մասնակցել է մոտ 25 քաղաքական ուժ, ապա նշել՝ հիմա հնարավորություն կա, որ մասնակցի 8-10 ուժ, ոչ ավել․«Ես տեսնում եմ հնարավորություն, որ ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրությունների 3, առավելագույնը  4 խոշոր բլոկներով»։

Քոչարյանն ասել է, որ դեռ վերջնական որոշում չկա, թե  «Հայաստան» դաշինքն ինչպես կմասնակցի ընտրություներին․«Բայց հակված ենք գնալ նույն ֆորմատով։ Նախկինում իմ ասածը ավելի շատ վերաբերել է այն կուսակցություններին, որոնք կարող են շեմը հաղթահարելու խնդիր ունենալ, և նախորդ ընտրությունների ժամանակ ձայների փոշիացման պատկերը չունենալու համար բարենպաստ պայմաններ են խոշոր բլոկներ ձևավորելու համար։ Ես կցանկանայի, որ  3-4 այդպիսի բլոկ ունենանք։ Ունեմ ինֆորմացիա, որ բանակցում են, բայց իմ տպավորությունը այնպիսին է, որ այս ընտրություններում պատկերը ավելի բարենպաստ է լինելու ընդդիմության համար, ոչ թե 25 միավոր, որից 20–21–ը՝ ընդդիմադիր դաշտից»։

Արդյոք ինքն է լինելու իրենց դաշինքի առաջնորդն ու վարչապետի թեկնածուն, Քոչարյանն այս հարցին ի պատասխան ասել է, որ փետրվարի սկզբին հարցում են իրականացնելու, դրա արդյունքների հիման վրա էլ որոշելու են, թե ով է առաջնորդը լինելու. «Եթե սոցիոլոգիան ցույց տա, որ ամենից շատ ձայներ բերողը ես եմ, ուրեմն ես եմ մնալու։ Եթե հայտնվել է մեր դաշինքում մեկը, ով կարող է ավելի մեծ ձայներ ապահովելու, ուրեմն նա է լինելու։ Ես շատ ուրախ կլինեմ, որ դա ես չլինեմ, շատ մեծ բեռից կազատվեի։ Այս վիճակում պայքարից փախչելը կհամարեի դասալքություն։ Այսօր լրատվամիջոցներում հրապարակված  սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ դեռ այո, ես եմ առավել հավանական թեկնածուն, որը կգլխավորի ցուցակը։ Այսօրվա դրությամբ այդպես է, բայց վերջնական որոշում կայացնելու համար պետք է ինքս հասկանամ, թե ինչքանով է սա արդյունավետ լինելու ամբողջ թիմի համար։ Մենք գնում ենք ընտրությունների ավելի լավ դիրքերից, քան դա եղել է 2021–ին»։

 

Նորություններ