Ճիշտ դիվանագիտությամբ կստեղծվեն նպաստավոր պայմաններ, որոնք մեզ կտանեն Արցախ. Դ. Գալստյան | Region

Ճիշտ դիվանագիտությամբ կստեղծվեն նպաստավոր պայմաններ, որոնք մեզ կտանեն Արցախ. Դ. Գալստյան

Հունվար 11,2024 16:03

«Հայաստանի իշխանությունը որքան փորձի փակել Արցախի հարցը, այնքան ավելի շատ խմբեր ու մարդիկ են այդ հարցն առաջ մղելու»,- կարծիք է հայտնում Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

Ճիշտ դիվանագիտությունն, ըստ Արցախի խորհրդարանի պատգամավորի, կարող է ապահովել արցախահության վերադարձը հայրենիք: Դավիթ Գալստյանը փակագծեր չի բացում, բայց վստահեցնում է՝ հարցն իրենց համար փակված չէ, պայքարը շարունակելու են;

«Ճիշտ դիվանագիտության արդյունքում կստեղծվեն այն նպաստավոր պայմանները, որոնք մեզ կտանեն Արցախ»,- նշում է նա:

Պատգամավորը հիշեցնում է՝ տարիներ շարունակ Բաքուն հարցն օրակարգում էր պահում, նույնիսկ այն ժամանակ, երբ առհասարակ շանսեր չուներ Արցախում Ադրբեջանի դրոշ բարձրացնելու:

Ինչ վերաբերում է բռնի տեղահանվածներին տրվող աջակցությանը, Գալստյանն ասում է՝ չկա ընտանիքների կարիքների գնահատման մեխանիզմ՝ որ ընտանիքն ինչի կարիք ունի, աջակցությունը տրամադրվում է անհատապես, մինչդեռ  հասցեական ու նպատակային աջակցություն էր պետք տեղահանված մարդկանց:

«Այդ նույն գումարը կարելի էր այնպես վերաբաշխել, որ այն մարդիկ, որոնք ավելի շատ կարիք ունեն, ավելի մեծ գումար ստանային, որոշ հնարավորություններ ունեցողներն ավելի քիչ ստանային. դա կլիներ արդար»:

Նորություններ