Մերձավոր Արևելքը բախման շեմին. Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի զարգացման 3 հնարավոր սցենարները | Region

Մերձավոր Արևելքը բախման շեմին. Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի զարգացման 3 հնարավոր սցենարները

Փետրվար 01,2026 13:15

Մերձավոր Արևելքում լարվածությունը սրընթաց կերպով աճում է: ԱՄՆ-ն հզորացնում է ռազմական ներկայությունը տարածաշրջանում. դեպի Իրան է ուղարկվել ավիակիր հարվածային խումբ: Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս տարածաշրջան կուղարկվեն ամերիկյան լրացուցիչ ստորաբաժանումներ: ԱՄՆ-ն զորքեր է կուտակում Իրանի շուրջ՝ ներառյալ ՀՕՊ ցամաքային համակարգեր:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին, եթե Թեհրանը չհամաձայնի կնքել միջուկային գործարքը: Իրանի իշխանությունները հայտարարել են, որ բաց են բանակցությունների համար, սակայն պատրաստ են պատասխանել ագրեսիային: Նախօրեին Օվալաձև աշխատասենյակում Թրամփը կարծիք է հայտնել, թե Իրանը կփորձի գնալ համաձայնագրի շուրջ բանակցությունների՝ ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողություններից խուսափելու համար: «Կարող եմ ասել հետևյալը. նրանք իրոք ցանկանում են գործարք կնքել»,- հայտարարել է Թրամփը:

Ստամբուլում թուրք գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ Իրանի իշխանությունները համաձայն են վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման նպատակով: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ երկխոսությունը պետք է ընթանա փոխադարձ հարգանքի հիման վրա: Նախարարը նշել է, որ իրական և արդյունավետ բանակցությունների համար ԱՄՆ-ն պետք է երաշխավորի նոր հարձակումների կամ սպառնալիքների բացակայությունը, ինչպես նաև վերացնի ճնշումների մթնոլորտը:

Փորձագիտական կանխատեսումներ. երեք հնարավոր սցենար

Փորձագետների կարծիքներն ուղղակի զինված բախման հավանականության վերաբերյալ տարբերվում են: Ոմանք կարծում են, որ ԱՄՆ-ի հարվածները լոկ փորձ են՝ ստիպելու Իրանին գնալ զիջումների միջուկային ծրագրի հարցում: Մյուսները, ընդհակառակը, մտավախություն ունեն, որ իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից և կհանգեցնի լայնամասշտաբ պատերազմի՝ անկանխատեսելի հետևանքներով ողջ տարածաշրջանի և համաշխարհային տնտեսության համար:

Տարածաշրջանային քաղաքականության հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը, RegionsTV-ին տված հարցազրույցում գնահատելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, առանձնացրել է իրադարձությունների զարգացման երեք հնարավոր սցենար:

1.Բանակցությունների միջոցով լարվածության մեղմացում.

Բանակցային եղանակով խնդրի, իրավիճակի կամ լարվածության թուլացումն է,  կողմերը որոշում են բանակցել եւ գնալ լուծումների․«Բայց հաշվի առնելով Իրանի շուրջ, Իրանում իրավիճակը եւ ԱՄՆ վերջին գործողությունների տրամաբանությունը՝  Թրամփի վարչակազմի կտրուկ հռետորաբանությունն ու քայլերը, իրանական կողմը պետք է գնա միակողմանի զիջումների բոլոր այն հարցերով, որոնք այս պահին կան Ամերիկա-Իրան օրակարգում։ Իսկ դա Իրանի միջուկային խնդիրն է, այսինքն Իրանը ամբողջովին պետք է հրաժարվի ուրանի հարստացումից»։

  1. Սահմանափակ ռազմական գործողություններ. Այս սցենարը ենթադրում է հրաժարում հրթիռաշինության զարգացումից և տարածաշրջանի շիայական խմբավորումներին աջակցելուց․« Այսինքն այս համատեքստում Միացյալ Նահանգների մոտեցումը որոշակի առումով վերջնագրային է, անզիջում է, և բավականաչափ բարդացնում է բանակցային լուծման հեռանկարը։ Երկրորդ սցենարը ենթադրում է թիրախային հարվածներ միջուկային, ռազմական և, հնարավոր է, քաղաքացիական օբյեկտներին, ինչից հետո միջնորդների օգնությամբ կհաստատվի հրադադար և կսկսվեն բանակցություններ: Սակայն կարևոր է, թե ինչպես կպահի իրեն իրանական հասարակությունը. արդյո՞ք օգտվելով ԱՄՆ հարվածներից մարդիկ դուրս կգան փողոց՝ նպատակ դնելով տապալել գործող վարչակարգը»:
  2. Իշխանափոխությանն ուղղված երկարաժամկետ գործողություններ. Այս տարբերակը Պետրոսյանը ներկայումս քիչ հավանական է համարում: «ԱՄՆ վարչակազմի ներկայիս քաղաքականության համատեքստում սա իրատեսական չէ: Հաշվի առնելով Վենեսուելայի փորձը կամ Գրենլանդիայի շուրջ իրավիճակը՝ ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները պատրաստ չեն երկարաժամկետ գործողությունների, հատկապես, երբ չկա հստակ կանխատեսում, թե ինչ կլինի վարչակարգի տապալման հաջորդ օրը: Իմ կարծիքով՝ մոտակա օրերին պարզ կդառնա, թե որ ուղղությամբ կզարգանան իրադարձությունները»:

Նախապատմություն

Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի 28-ին, երբ ազգային արժույթը՝ ռիալը, կտրուկ արժեզրկվեց, ինչի հետևանքով վատթարացավ երկրի տնտեսական վիճակը, էականորեն թանկացան սննդամթերքն ու առաջին անհրաժեշտության ապրանքները: Իրանում բողոքի ցույցյերը   վերածվեցին արյունալի բախումների անվտանգության ուժերի հետ: Հաղորդվում է հազարավոր զոհերի մասին: Համացանցում տարածվում են տեսանյութեր, որոնք վկայում են ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնությունների մասին:

Տնտեսական հողի վրա սկսված բողոքի ալիքը վերածվել է ընդվզման գործող քաղաքական համակարգի դեմ: Ստամբուլ կատարած այցի ժամանակ Իրանի արտգործնախարարը հայտարարել է. «Իշխանափոխությունը լիակատար ֆանտազիա է: Ոմանք հայտնվել են այդ պատրանքի թակարդում»:

Զաբելա Ավագյան

 

Նորություններ