Ի՞նչ ճակատագրի կարժանանա Զախարյանը․ ֆուտբոլիստի գործակալը մանրամասներ է հայտնել
Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը անդրադարձել է ֆուտբոլիստի ներկայիս կարգավիճակին և խաղադաշտ վերադառնալու հեռանկարներին։
«Չեմ կարող հստակ ասել, թե երբ Զախարյանը դուրս կգա խաղադաշտ։ Արսենն արդեն մարզվում է ընդհանուր խմբի հետ, իսկ հետագա քայլերը կախված են գլխավոր մարզչի որոշումից», — Գոլուբինի խոսքերն է մեջբերում «Championat»-ը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 12 հանդիպման, սակայն աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։
Իսպանական COPE-ն ավելի վաղ տեղեկություն էր հայտնել, թե թիմի գլխավոր մարզիչ Պելեգրինո Մատարացոն անձնական զրույցի ընթացքում Զախարյանին արդեն տեղեկացրել է, որ ապագայում հույսեր չի կապում նրա հետ։
Կիսապաշտպանը բասկյան ակումբին միացել է 2023 թվականի օգոստոսին։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 7,5 միլիոն եվրո։
