Հայաստանում աշխատատեղերի մոտ 90%-ը կենտրոնացված է Երևանում․որոնք են մարզերի ամենապահանջված մասնագիտությունները․ հետազոտություն | Region

Հայաստանում աշխատատեղերի մոտ 90%-ը կենտրոնացված է Երևանում․որոնք են մարզերի ամենապահանջված մասնագիտությունները․ հետազոտություն

Փետրվար 07,2026 21:05

Հայաստանում աշխատատեղերի բաշխվածությունը խիստ անհաչափ է, աշխատանքների գերակշիռ մասը մայրաքաղաքում է։ Staff.am-ի հետազոտության համաձայն՝ 2023 թվականին բոլոր աշխատանքների 86.9%-ը Երևանում է եղել։ Հաջորդող տարիներին այս ցուցանիշն ավելացել է։

Օրինակ՝ 2024 թվականին բոլոր աշխատանքների 88.2%-ը եղել է Երևանում,  2025-ին այդ ցուցանիշը հասել է 89.4%-ի։

Մարզային աշխատաշուկան կենտրոնացված է Երևանին մոտ գտնվող բնակավայրերում

2024 թվականի համեմատությամբ, 2025 թվականի տվյալները ցույց են տալիս, որ մարզային աշխատաշուկայի ակտիվության կենտրոնացման որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։

Ըստ այդմ՝ ակտիվ քաղաքների տասնյակում են նաև Արմավիրը, Վանաձորը, Կապանը և Վաղարշապատը, ինչն, հետազոտության հեղինակների ներկայացմամբ,  վկայում է այն մասին, որ Երևանից դուրս աշխատաշուկան առավելապես կենտրոնացված է մայրաքաղաքին մոտ գտնվող բնակավայրերում և խոշոր մարզկենտրոններում:

Աբովյանը շարունակում է մնալ Հայաստանի ամենաակտիվ մարզային քաղաքը՝ 2025 թվականին զբաղեցնելով աշխատատեղի մարզային հայտարարությունների 15.8%-ը: Գյումրին պահպանում է երկրորդ հորիզոնականը 8.6% ցուցանիշով:

2025 թվականին նկատվում է Մասիսի (5.6%) և Աշտարակի (5.0%) դիրքերի ամրապնդում ամենաակտիվ քաղաքների հնգյակում:

Նշենք, որ staff.am-ի իրականացրած ՀՀ աշխատաշուկային վերաբերող ուսումնասիրության նպատակն է օգնել ՀՀ-ում և դրա սահմաններից դուրս գտնվող անհատներին և կազմակերպություններին ավելի լավ պատկերացում կազմել ՀՀ աշխատաշուկայի հիմնական ցուցանիշների վերաբերյալ։

2025-ին, համեմատած նախորդ 2 տարիների, մարզային ակտիվությունը աշխատաշուկայում անկում է գրանցել՝ 13,1 %-ից նվազելով մինչև 10,6 %:

Ամենաակտիվ գործատուներ

Ինչ վերաբերում է մարզերում ամենաակտիվ գործատուների ցանկին, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս վայրերում հիմնականում ակտիվություն են ցուցաբերում այն ընկերությունները, որոնք ունեն մասնաճյուղեր տվյալ քաղաքներում։ 15 ամենաակտիվ գործատուներից 7-ը ֆինանսաբանկային ոլորտից են։ Հաշվի առնելով հեռահաղորդակցության ոլորտի ցուցաբերած ակտիվությունը՝ այդ ոլորտի երեք խոշոր ընկերություններ նույնպես ընդգրկվել են ամենաակտիվ գործատուների շարքում։

Ամենապահանջված մասնագիտությունները մարզերում

Հայաստանի մարզերում ամենապահանջված մասնագիտությունները ևս ֆինանսաբանկային ոլորտն է, որին բաժին է ընկնում 50,9%-ը։ Սա փաստում է, որ 15 ամենաակտիվ գործատուներից 7-ի՝ ֆինանսաբանկային ոլորտից լինելը ուղղակիորեն անդրադառնում է թափուր հաստիքների քանակի վրա։

Երկրորդ ամենապահանջված ուղղությունը վաճառքի և սպասարկման կազմակերպումն է՝ 15,8% մասնաբաժնով։ Սա ներառում է ինչպես հեռահաղորդակցության երեք խոշոր ընկերությունների, այնպես էլ մարզերում ակտիվ այլ առևտրային ցանցերի հավաքագրումները։

Կրթության ոլորտը և ընդհանուր մասնագիտական ծառայությունները հավասարապես կազմում են պահանջարկի 3,2%-ական մասը։

Ադմինիստրատիվ/օֆիսային աշխատանքները կազմում են 2,8%, իսկ հաշվապահությունն ու ֆինանսական հաշվետվողականությունը՝ 1,6%։

Չնայած արտադրության ոլորտի ընկերությունների ներկայությանը թոփ քսանյակում, բուն արտադրական մասնագիտությունների գծով հաստիքները կազմում են ընդամենը 1,4%։ Զբոսաշրջության և HoReCa ոլորտը նույնպես ունի 1,4% մասնաբաժին։

Միջին աշխատավարձի բաշխվածությունն՝ ըստ Երևանի և մարզերի

 

2025 թվականի 3-րդ եռամսյակում փոփոխություն է նկատվել միջին անվանական աշխատավարձերի բաշխվածության մեջ: Ըստ հետազոտության հեղինակների՝  Սյունիքի մարզը տնտեսապես հզորացել է, ինչ արդյունքում այս մարզը դարձել է հանրապետության ամենաբարձր վարձատրվող վայրը՝ գերազանցելով մայրաքաղաքին: Այնուամենայնիվ, Սյունիքի և Երևանի ու մյուս բոլոր մարզերի միջև առկա ավելի քան կրկնակի տարբերությունը վկայում է աշխատաշուկայի խորը կառուցվածքային անհամաչափության մասին։

Նախորդ երկու տարիներին Երևանն այս ցանկում առաջինն էր, իսկ ահա 2025-ին, ըստ հետազոտության, Սյունիքում միջին աշխատավարձի շեմը գրեթե մոտենում է 350,000 դրամին:  Մնացած մարզերը, իհարկե գրեթե կրկնակի անգամ զիջում են առաջատարներին, բայց այդ մարզերում ևս միջին աշխատավարձի ավելացում նկատվում է:

Գնաճ-աշխատավարձ   

Հետազոտության համաձայն՝ 2025 թվականին աշխատավարձերի և գնաճի հարաբերակցությունը ընդհանուր առմամբ ավելի հավասարակշռված է դարձել՝ համեմատած 2024 թվականի հետ։ Տարվա մեծ մասում աշխատավարձերի անվանական աճը շարունակել է գերազանցել գնաճի տեմպը՝ ապահովելով իրական եկամտի պահպանման կամ չափավոր աճի պայմաններ։ Միևնույն ժամանակ, աշխատավարձերի աճը պահպանել է իր տատանողական բնույթը, մինչդեռ գնաճը մնացել է հարաբերականորեն կայուն։

Մարտին արձանագրված աշխատավարձերի կտրուկ աճը, ինչպես նախորդ տարիներին, հիմնականում պայմանավորված է տարեկան բոնուսների վճարումներով և ընկերությունների ֆինանսական արդյունքների հրապարակմամբ և չի արտացոլում բազային աշխատավարձերի համատարած վերանայում։

Միջին ամսական աշխատավարձի դինամիկան 2018-2025թթ․-ին

2024-ի համեմատ, 2025 թվականին հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձի շարունակական, բայց տեմպերով ավելի զուսպ աճ է արձանագրվել։

Ըստ այդմ՝

  1. Աճի տեմպերի դանդաղում. 2025 թվականին գրանցվել է +2.8% աճ նախորդ տարվա համեմատ: Սա զգալիորեն ավելի ցածր է, քան 2023 թվականին արձանագրված +14.7% կամ 2024 թվականի +6.4% աճի տեմպերը:
  2. Բացարձակ արժեքի աճ. 2025 թվականին միջին ամսական աշխատավարձը հասել է 294,878 ՀՀ դրամի: Սա նշանակալի առաջընթաց է 2018 թվականի համեմատ, երբ այն կազմում էր ընդամենը 172,481 դրամ:

 

Նիկոլ Մարգարյան

Նորություններ