Բռնի տեղահանված արցախցիների մոտ 20-25%-ն արդեն դուրս է եկել Հայաստանից. քաղաքագետ | Region

Բռնի տեղահանված արցախցիների մոտ 20-25%-ն արդեն դուրս է եկել Հայաստանից. քաղաքագետ

Հունվար 11,2024 20:02

«Կառավարության հույսին մնացած արցախցիներն այսօր էլ շատ վատ պայմաններում են, տեղահանված մարդկանց խնդիրները լուծելու գլոբալ ծրագրեր չկան»: Նման կարծիք է հայտնում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Ի վերջո 6 ամսվա ծրագրերը հավերժ լինել չեն կարող, պետք են համակարգային ներդրումներ, որպեսզի այդ մարդիկ ապահովվեն  բնակարանով, աշխատանքով. քանի դրանք չեն արվել, կիսատ-պռատ ծրագրերը լուրջ աջակցություն չեն», -նշում է Սուրենյանցը:

Ըստ նրա՝ ամիսներով բլոկադայի մեջ ապրած, տեղահանված մարդիկ հիմա էլ բյուրոկրատական քաշքշուկների մեջ են Հայաստանում:

«Օր չկա, որ մի քանի տասնյակ արցախցու հետ չշփվեմ, պետական մարմինների տոտալ անտարբերությունը դարձել է այս մարդկանց նվաստացման պատճառ»: Սուրենյանցի տեղեկություններով՝ արցախցիների մոտ 20-25 տոկոսն արդեն դուրս է եկել Հայաստանից:

«Ամեն ինչ արվեց, որ Հայաստանը նրանց համար հարազատ տուն չդառնա, բյուրոկրատական քաշքշուկները երկու ժամում կարող էին լուծել, եթե չի լուծվել, նշանակում է՝ Արցախի համայնքային միասնությունը պահպանելը չի մտնում կառավարության առաջնահերթության մեջ»,-ասում է քաղաքագետը:

Նորություններ