Մենք ունենք արժանապատվություն, որը չենք պատրաստվում փոխել ո՛չ ներդրումային խոստումներով, ո՛չ էլ այն բազմաթիվ կարկանդակներով, որ Նիկոլը փորձում է վաճառել հայ ժողովրդին որպես հույս. Արմեն Աշոտյան | Region

Մենք ունենք արժանապատվություն, որը չենք պատրաստվում փոխել ո՛չ ներդրումային խոստումներով, ո՛չ էլ այն բազմաթիվ կարկանդակներով, որ Նիկոլը փորձում է վաճառել հայ ժողովրդին որպես հույս. Արմեն Աշոտյան

Փետրվար 09,2026 18:50

«Մենք գիտենք, թե ով ենք, և ուզում ենք, որ մեր երկիր եկողը՝ լինի դա Վենսը, Պողոսը, թե Պետրոսը իմանան, որ այս երկրի դժբախտությունն է այն, որ իրենց դիմավորելու է Նիկոլը, կամ իրենց ձեռքը սեղմելու է Վահագն Խաչատուրյանը։

Նրանք չեն իրական հայերը։ Հայ ժողովուրդը այն մարդիկ են, ովքեր նստած են Բաքվի ու Երևանի բանտերում, այն երիտասարդներն են, ովքեր իրենց նեղություն են տվել, ու եկել են այստեղ, ասելու, որ ամեն ինչ չէ, որ այդպես լավ ու հեշտ է»,-այսօր Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիայի ընթացքում, լրագրողների հետ զրույցում նշեց ակցիային մասնակցող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, որ այսօր, մի խումբ արցախցիներ, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած այցի ընթացքում բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում՝ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի դիմաց՝ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։

Արմեն Աշոտյանը վստահեցրեց, որ իրենց կողմից իրականացվող ակցիան կծառայի իր նպատակին, ու կհաջողվի իրենց պահանջը հասցնել ԱՄՆ փոխնախագահին․
«Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի մարդիկ տեսնեն, որ մենք ունենք արժանապատվություն, որը չենք պատրաստվում փոխել ո՛չ ներդրումային խոստումներով, ո՛չ էլ այն բազմաթիվ կարկանդակներով, որ Նիկոլը փորձում է վաճառել հայ ժողովրդին որպես հույս։ Իսկ ինչ վերաբերում է սպասելիքներին, վստահ եմ, որ մեր ձայնը լսելի կլինի մի քանի աղբյուրներով։

Առաջին հերթին վստահ եմ, որ ԱՄՆ դեսպանատունը մանրակրկիտ մոնիթորինգ կանի, հետո էլ այստեղից անցնելիս կտեսնեն մեզ, ու ինքնին հետաքրքրություն կառաջանա»։

Ակցիայի մասնակիցներից մյուսը, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ևս իր դիրքորոշումը հայտնեց այն հարցում, թե արդյո՞ք ԱՄՆ փոխնախագահը կարձագանքի իրենց կողմից բարձրացված խնդրին: Զուրաբյանի ներկայացմամբ, այս հարցը շատ մեծ հարց է մեզ համար, բայց զուգահեռաբար շատ փոքր հարց է աշխարհաքաղաքական այս մեծ դաշտում ներգրավված ուժերի համար, ու անգամ զարմանալի է այն փաստը, որ հարցը մինչև այս պահը լուծված չէ։
ՀԱԿ փոխնախագահը ներկայացրեց նաև, թե իր պատկերացմամբ ինչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ը հայ-ադրբեջանական հարաերություններում․
«Իրականում սա գործարք է ԱՄՆ-ի ու Ալիևի միջև՝ Իսրայելի օգնությամբ։ Այս պրոեկտի նպատակն է հարավային Կովկասից իզոլացնել Իրանն ու Ռուսաստանը, և Ադրբեջանի միջոցով օգտագործել այդ ելքը դեպի Միջին Ասիա»։

Ակցիայի իրականացումից որոշ ժամանակ անց արդեն ժամանեց ԱՄՆ փոխնախագահը։ Ակցիայի մասնակիցները Ջեյ Դի Վենսին դիմավորեցին «ազատություն հայ պատանդներին», «ազատություն հայ քաղանտարկյալներին», ու տարբեր այլ վանկարկումներով։ Հավաքված տարբեր պաշտոնյաներ իրենց խոսքը հղեցին ԱՄՆ փոխնախագահին։

Վենսին ելույթով դիմեց նաև ԱԺ պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյանը։ Ողջույնի խոսքից հետո, Արթուր Խաչատրյանը կարևորեց հայ-ամերիկյան հարաբերություններում գրանցված դինամիկ աճն ու բարձր գնահատեց ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությունը մեր երկրին վերջինիս պետականության կայացման ողջ ընթացքում։ Շարունակեց․
«Այսօր Բաքվի զնդաններում են պահվում առնվազն 19 հայեր, ներառյալ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Ադրբեջանը շինծու մեղադրանքներ է ներկայացրել, որը ծաղր է ոչ միայն մեր հայրենակիցների, այլև ամբողջ միջազգային հանրության նկատմամբ։ Այսօր խնդրում ենք ձեզ բանեցնել ձեր ամբողջ հեղինակությունն ու ապահովել, որպեսզի մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան ու միավորվեն իրենց ընտանիքների հետ։ Խնդրում ենք ձեզ, կանխեք այդ վայրագությունները»։

Ավելացնենք, որ այսօր, ավելի ուշ տեղի տեղի է ունենալու Ջեյ Դի Վենսի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Ըստ տեղեկությունների, հանդիպման ընթացքում ստորագրվելու է փաստաթուղթ, որից հետո կողմերըը հանդես են գալու համատեղ մամուլի ասուլիսով, որի ժամանակ էլ կներկայացվեն քննարկման արդյունքները։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ