«Սկզբում ներդրումները կլինեն 5 միլիարդի, 2-րդ փուլում՝ ևս 4 միլիարդի»․ Ջեյ Դի Վենս | Region

«Սկզբում ներդրումները կլինեն 5 միլիարդի, 2-րդ փուլում՝ ևս 4 միլիարդի»․ Ջեյ Դի Վենս

Փետրվար 09,2026 20:31

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին  համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն։

Ջեյ Դի Վենսը այս առնչությամբ նշեց՝ երբ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցությունը հունի մեջ մտնի, ճանապարհ կբացի ամերիկյան և հայկական ընկերությունների ապագա ծրագրերի համար։

«Ներդրումները կլինեն սկզբանական շրջանում՝ 5 միլիարդի, 2-րդ փուլում՝ ևս  4 միլիարդի։ Սա էներգետիկ անվտանգության և կայունության տեսանկյունից  փոխշահավետ իրավիճակ է և՛ Հայաստանի համար, և՛ իմ երկրի համար։ Նաև ստեղծվելու են շատ աշխատատեղեր և՛ ԱՄՆ-ում, և՛ Հայաստանում։ Ամերիկյան տեխնոլոգիաները գալու են Հայաստան, մեր երկիրը շատ քիչ դեպքերում է այնքան վստահ, որ կոնկրետ տեխնոլոգիաներ արտահանի այլ երկիր»,-ասաց Վենսը։

TRIPP նախագիծն, ինչպես ասաց Վենսը, արմատական տրանսֆորմացիա կբերի տարածաշրջանին, նշեց՝ բացվելու է նոր աշխարհ միջազգային առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի համար․«Կապահովվի աննախադեպ կապ Հայաստանի և հարևան երկրների միջև։ Սա հոյակապ է ոչ միայն Հայաստանի ժողովրդի բարգավաճման համար, այլ նաև կնպաստի խաղաղության գործընթացին։ Երբ կապում ես էներգետիկան և տնտեսությունը, դա նպաստում է խաղաղությանը։ Մենք ոչ թե պարզապես ուզում ենք կերտել խաղաղություն, այլ ցանկանում ենք, որ կերտված խաղաղությունը լինի կայուն և երկարատև»։ Բացի այս, ըստ նրա, TRIPP հիմնադրամը ենթադրում է զգալի ծավալի մասնավոր կապիտալի ներհոսք Հայաստան։

« ԱՄՆ-ն պատրաստվում է Հայաստանին վաճառել նոր դրոնային տեխնոլոգիաներ։ Նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղություն ապահովելու լավագույն ձևը աշխարհի լավագույն ռազմական տեխնոլոգիաների տարածումն ու տեղակայումն է։ Մենք հաստատել ենք Հայաստանի համար 11 մլն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք՝ մեր լավ բարեկամ վարչապետի հետ համագործակցությամբ։ Մենք համոզված ենք, որ այն խաղաղությունը, որը պետք է կերտվի, կլինի կայուն։ Սա նշանակում է լրացուցիչ աշխատատեղեր, լրացուցիչ ներդրումներ»,-ասաց Վենսը։

Նա հավելեց՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում այստեղ, պատմական նշանակություն ունի․«Ես իրոք հպարտ եմ, որ ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ, որը երբևէ այցելել է այս երկիր։ Սա աշխարհի հնագույն քրիստոնյա պետություններից և ազգերից մեկն է, և ես գիտեմ, թե ինչ նշանակություն ունի Հայաստանը ամբողջ աշխարհի համար»։

Նորություններ