Ինտերը և Մխիթարյանի ֆենոմենը․ ի՞նչ ծրագրեր ունի ակումբը 37-ամյա հայ ֆուտբոլիստի հետ կապված
Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ «ներաձուրիների» առանցքային ֆիգուրներից մեկը՝ կատարելապես ինտեգրվելով թիմային խաղին և վճռորոշ դերակատարում ունենալով դաշտում։ Շատերի համար նախանձելի երկարակեցությունը և ֆիզիկական վիճակը իդեալական պահպանելու կարողությունը ստիպում են «Ինտերին»՝ չնայած ֆուտբոլիստի 37 տարեկանին, դիտարկել պայմանագրի երկարաձգման տարբերակը։ Այս մասին գրում է Corriere dello Sport-ը։
Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է հունիսի վերջին, սակայն կողմերը քննարկում են միլանյան ակումբում նրա 5-րդ մրցաշրջանը անցկացնելու հնարավորությունը։ Հայ կիսապաշտպանը «Ինտերին» միացել էր 2022 թվականի ամռանը՝ «Ռոմայից» հեռանալուց հետո՝ որպես ազատ գործակալ։
Ակումբի որոշման վրա, բացի տեխնիկական որակներից, ազդում է նաև տնտեսական գործոնը։ Հնարավոր նոր պայմանագիրը նախատեսված կլինի մեկ տարով և զուսպ ֆինանսական պայմաններով։
Ինքը՝ Մխիթարյանը, դեռ նախորդ մրցաշրջանում հայտարարել էր, որ որոշում կկայացնի՝ ելնելով իր ֆիզիկական պատրաստականությունից։ Նա պատրաստ է շարունակել ելույթները, եթե զգա, որ կարող է օգտակար լինել։ Սակայն դրված է հստակ պայման՝ այլընտրանքը կարիերան ավարտելն է։ Մխիթարյանը չի ցանկանում «վերջին պարը» պարել այլ ակումբում կամ այլ առաջնությունում։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականում նա իր ելույթներն ավարտել էր դեռևս 2022 թվականի գարնանը։
Մխիթարյանի՝ մնալու որոշումից «Ինտերը» միայն շահել է։ Ակումբն ունի փորձառու առաջատար, ով հեշտությամբ հարմարվել է նաև նոր գլխավոր մարզի՝ Կրիստիան Կիվուի խաղային փիլիսոփայությանը, որը փոխարինել է Ինձագիի քառամյա ժամանակաշրջանին։
Հայ կիսապաշտպանի օգտին է խոսում նաև ռոտացիայի հնարավորությունը։ Զելինսկու վերածնունդը և Սուչիչի տրանսֆերը թույլ են տալիս Մխիթարյանին ավելի քիչ ծանրաբեռնվել և խուսափել վնասվածքներից։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 24 հանդիպման, որոնցից 16-ում եղել է մեկնարկային կազմում, սակայն միայն 5 դեպքում է խաղացել ամբողջ 90 րոպեն։
Այս մարտավարությունը թույլ է տալիս խնայել 37-ամյա ֆուտբոլիստի ուժերը, և «Ինտերը» ցանկանում է վայելել Մխիթարյանի խաղը այնքան, քանի դեռ նրա «էլիքսիրը» շարունակում է ազդել։
