Եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում. Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայությամբ փոքր-ինչ փոխվում է Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը
Ամեն պարագային եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, բնականաբար, Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայությամբ փոքր-ինչ փոխվում է Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը, լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Սրբազանը նշեց, որ ժողովը դառնում է Եպիսկոպոսաց հավաք, որտեղ եպիսկոպոսները քննարկելու են զանազան հարցեր։
«Որևէ մեկը չի կարող արգելք լինել մեր եպիսկոպոսներին՝ որևէ տեղ հավաքվելու, և նույնիսկ ոչ միայն հավաք, այլև Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Եպիսկոպոսաց ժողով անելու, այդ մտացածին, այդ ցնորամիտ բաները, որ Հայաստանից դուրս չի կարող լինել Եպիսկոպոսաց ժողով, պարզապես օդի մեջ գցած խոսքեր են, զարմանում եմ, որ ամեն անգամ մի խումբ ապիկարներ ուզում են մեր ժողովրդին տկարամիտի ու հիմարի տեղ դնել, բայց մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է այդ ամենը»,- նշեց Նաթան Սրբազանը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նպատակը «կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է»։
«Ես դա թույլ չեմ տալու։ Եթե դրա համար պետք լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ։ Մենք դա թույլ չենք տալու»,- սպառնացել էր նա։
Փաշինյանի այս հայտարարությունից մեկ օր անց Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ։ Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը:
Չնայած իշխանությունների բռնաճնշումներին ու հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումներին՝ Վեհափառ Հայրապետն ասել է՝ Եպիսկոպոսոց ժողովը կկայանա։
Սրբազան այն Հայրերը, որոնց նկատմամբ երկրից բացակայելու արգելք է կիրառվել, ժողովին կմասնակցեն հեռավար։
Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև եկեղեցու դեմ արշավին միացած տիրադավներին, նրանցից, այս պահի դրությամբ, միայն Հովնան Տերտերյանն է հայտարարել իր մասնակցության մասին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով՝ Եպիսկոպոսաց ժողովը պետք է տեղի ունենա փետրվարի 16-19-ին՝ Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում։
Եկեղեցու դեմ արշավ հայտարարած իշխանությունները, սակայն, ուղիներ փնտրեցին, որ եպիսկոպոսներին թույլ չտան մեկնել Հայաստանից։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսներ և մեկ քահանա մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել. նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, որով պահանջվում է, որ Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
Քննչական կոմիտե էին հրավիրվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան Սրբազանները, ինչպես նաև Տեր Մովսեսը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
