«Արդեն զզվել ենք էս վիճակից»․հայ վարորդները դեռևս չեն կարողանում Վրաստանից Հայաստան սահմանը հատել
Հայ բեռնափոխադրողները դեռևս չեն կարողանում Վրաստանի սահմանը հատել և շարունակել ճանապարհը դեպի Հայաստան։
Փետրվարի 12-ից մոտ հարյուր բեռնատարների հայ վարորդներ, որոնք շինանյութ, ածուխ, հեղուկ գազ են ՌԴ-ից Հայաստան տեղափոխում, կանգնած են Վրաստանի տարածքում, վրացական կողմը որևէ բացատրություն չի տալիս, թե ինչու են նրանց արգելում սահմանը հատել։
Վարորդներից մեկը, որը ներկայացավ Գևորգ, RegionsTV-ի հետ զրույցում պատմեց, որ ռուս-վրացական անցակետում փաստաթղթերը ստուգել են, հետո ասել են՝ սպասեք․«Ու ոչ մի այլ բացատրություն։ Մենք էլ չգիտենք՝ ինչին պիտի սպասենք։ Վարորդներից մեկին կոնկրետ ասել էին՝ «եթե ուզում եք անցնեք, 700 դոլար տվեք, անցեք»։ Կաշառք է, ինչ է ուզածները, չենք հասկանում։ Տարանցման համար լրացուցիչ փող են ուզում, թե՞ ուրիշ հարց ա․․․ գոնե իմանանք՝ ինչ ա կատարվում։ Արդեն զզվել ենք էս վիճակից»։
Հայ վարորդները գիշերում են իրենց բեռնատարների մեջ, հասկանալի է, որ նրանք այս օրերն անց են կացնում առանց սանիտարագիգենիկ նորմալ պայմաններում։
Հայաստանի իշխանություններն էլ իրավիճակի մասին որևէ կոնկրետ պարզաբանում չի տալիս։
RegionsTV-ն փորձեց Էկոնոմիկայի նախարարությունից պարզաբանում ստանալ՝ ի՞նչ զարգացումներ կան, արդյոք բանակցում են վրացական կողմի հետ և կա՞ որևէ արդյունք։ Նախարարությունից միայն հայտնեցին, որ օրերս նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է վրաց գործընկերոջ հետ և քննարկել բեռների անխոչընդոտ անցման հարցը։
Հիշեցնենք, որ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությունն օրերս Պապոյանի հրավերով Հայաստանում էր։
Փետրվարի 20-ին նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ «․․․կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք առաջնահերթություններ՝ ընդգծելով տնտեսական կապերի ռազմավարական նշանակությունը և փոխշահավետ զարգացման հանձնառությունը։ ․․․Քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, բեռների անխոչընդոտ տարանցման, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի զարգացման վերաբերյալ հարցեր»։
Նախարարները ձեռքսեղմումով լուսանկարվել են, լայն ժպտացել ճիշտ այն օրերին, երբ հայ վարորդները Վրաստանի տարածքում անհարգալից, նույնիսկ նվաստացնող իրավիճակում են հայտնվել։
Նախարարության պարզաբանումը վարորդներին չի բավարարում, մեզ հետ զրույցում նրանցից մեկը հիշեցրեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ Վրաստանում հայ վարորդների հանդեպ այսկերպ են վարվում՝ առանց հիմնավորման արգելում հատել սահմանը։
Ռուսաստանի հետ Հայաստանի ցամաքային կապն անցնում է Վրաստանով, այս երկիրը ՌԴ-ից ՀՀ և հակառակ ուղղությամբ բեռներ տեղափոխելու միակ ճանապարհն է։
ՀՀ իշխանությունը պարբերաբար հայտարարում է, թե հայ-վրացական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, մինչդեռ այս բարձր մակարդակը չի անդրադառնում բեռնափոխադրման խնդիրների լուծման վրա։
