«Մենք որևէ ծրագրեր, մտահոգություններ չունենք կապված Գյումրու ռուսական ռազմաբազայի ներկայության հետ»․Փաշինյանը Լեհաստանում պատասխանել է դեսպանների հարցերին | Region

«Մենք որևէ ծրագրեր, մտահոգություններ չունենք կապված Գյումրու ռուսական ռազմաբազայի ներկայության հետ»․Փաշինյանը Լեհաստանում պատասխանել է դեսպանների հարցերին

Փետրվար 26,2026 11:16

Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի մասին։

Արդյոք դիմել եք Ռուսաստանին ռազմաբազան փակելու համար, այս հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը, որը երեկ էր մեկնել Լեհաստան, ասել է, որ մինչև 2024 թվականը սահմանային անցակետերի մեծ մասը գտնվում էին Ռուսաստանի հսկողության ներքո կամ կար ռուս սահմանապահների ներկայությունը՝ օրինակ  ՀՀ  միջազգային օդանավակայանում, սակայն հիմա Հայաստանի բոլոր սահմանային անցակետերը վերահսկում են ՀՀ սահմանապահները։

Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ն շնորհակալ է ՌԴ-ին մեր երկրում իր ներկայության համար ու ընդգծել, որ  Հայաստանը որպես նորանկախ պետություն 90-ականների սկզբին  կարողություն չուներ այդ տեսակի ծառայություններ մատուցելու։

ՀՀ վարչապետի խոսքով՝ ներկայումս Հայաստանը կարող է և զարգացնում է իր կարողությունները, և իհարկե, Հայաստանը կընդլայնի իր գործունեությունն ու աշխատանքները, որոնք կվերահսկվեն հայ սահմանապահների կողմից։

«Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազային, մենք որևէ պլան, ծրագրեր չունենք, մտահոգություններ էլ չունենք կապված ռուսական ռազմաբազայի ներկայության հետ։ Մենք սերտ գործընկերներ են Ռուսաստանի հետ և շատ սերտ տնտեսական, քաղաքկաան կապեր ունենք»,-ասել է Փաշինյանը։

Նա նաև հիշեցրել է, որ ՀՀ-ն սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, նշել, որ դա կապված էր որոշ իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունեցել 2022-ին․«Քանի որ Հայաստանը հիասթափված էր ՀԱՊԿ-ից, քանի որ ունենալով իրավական պարտավորություն՝ ՀԱՊԿ-ը պատշաճ չարձագանքեց անվտանգության մարտահրավերներին, որոնք կային ՀՀ-ի համար։ Սակայն մյուս կողմից մենք ասում ենք, որ  մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ներկայումս վերափոխման փուլում է, մենք   ներկայումս նոր հարաբերություններ ենք ձևավորում ՌԴ-ի հետ։ Մենք վճռական ենք, և  կցանկանայինք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց միանշանակ է, որ այդ հարաբերությունները փոխվում են բազմաթիվ գործոնների պատճառով»։

 

 

 

Նորություններ