Ալիևը չի մասնակցի մայիսին Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Ադրբեջանի մասնակցությունը որևէ մակարդակով Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին նախատեսված չէ։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Բայրամովն ասել է, որ նման այց նախատեսված չէ նախագահ Իլհամ Ալիևի մայիս ամսվա գրաֆիկում։
Այս տարվա մայիսի 4-ին Հայաստանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն անցած տարի հոկտեմբերին հայտնել էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին հրավիրել են Երևան՝ գարնանը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասել էր, որ Երևանն ակնկալում երկու երկրների ղեկավարների մասնակցությունը: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ավելի վաղ հայտարարել է, որ Իլհամ Ալիևի այցը Երևան հնարավոր չէ:
