Մինչև 1 մլն դրամ փոխանցումները չեն հայտարարագրվի․Կառավարությունը հաստատել է հայտարարագրելու ոչ ենթակա եկամուտների տեսակները | Region

Մինչև 1 մլն դրամ փոխանցումները չեն հայտարարագրվի․Կառավարությունը հաստատել է հայտարարագրելու ոչ ենթակա եկամուտների տեսակները

Փետրվար 26,2026 13:06

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակները և շեմերը:

Հայտարարագրման ենթակա չեն՝

  1. Ստացվող վարկերի գումարները, բացառությամբ պարտատի­րոջ կողմից վարկի գումար­ների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի
  2. Ընտանիքի անդամ չհամարվող անձանցից փոխանցած միանվագ մինչև 1 միլիոն դրամ գումարները
  3. ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթ­նե­րում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, ինչպես նաև պետական պարգև­ները
  4. Գործատուի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովա­գրա­վճարները, ինչպես նաև դրա շրջանակում ֆիզիկական անձանց կամ նրանց փոխկապակցված անձանց համար (օգտին) կատարվող ապահովագրավճարները
  5. Մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչ­յուր մրցա­­նակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով,
  6. Ժառանգության և (կամ) նվի­րատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձան­­­ցից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ արժեքով ստացվող գույքը, դրամական միջոցները
  7. Ոչ առևտրային կազմակերպություններից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ չափով անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները
  8. Սեփականության իրավունքով ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից ընտանիքի անդամ չհամարվող անհատ ձեռնարկատեր և նոտար չհան­դի­սա­ցող ֆիզիկական անձանցից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ ստացվող եկամուտները, բացառությամբ՝ ՀՀ հարկային օրենս­գրքի 147-րդ հոդ­վածի 1-ին մասի 38-րդ կետով սահմանված հողամասի օտարումից ստացվող եկամուտների։

Կառավարությունը սահ­ման­ել է, որ հայտարարա­գիր ներկայացնելու պարտավո­րություն կրող ֆիզի­կական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնող­ները, քույրերը, եղբայրները, զավակները, պապերը, տատերը և թոռները:

Ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ այս տարվանից սկսած թոշակառուները  ևս  պետք է ներկայացնեն հայտարարագիր 2025 թվականի համար, իսկ եթե տվյալներ հավելելու կարիք չկա, ապա հայտարարագիրը կլրացվի ինքնաշխատ:

 

 

Նորություններ