Մխիթարյանի դարաշրջանն ավարտվո՞ւմ է. Ինտերում որոշումներ են կայացվում
Իտալական Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջանի ավարտին կարող է հրաժեշտ տալ ակումբին։
Սպասվում է, որ միլանյան գրանդը հայ վետերան ֆուտբոլիստին նոր պայմանագիր չի առաջարկի, և կողմերի ճանապարհները կբաժանվեն։ Սակայն Մխիթարյանը միակը չէ. առաջիկա ամռանը «Ներաձուրիների» ճամբարում սպասվում է հիմնական կազմի բարձրակարգ ֆուտբոլիստների իսկական «արտագաղթ»։
Մխիթարյանից բացի, կենտրոնական գծի ևս մի քանի ֆուտբոլիստներ կարող են խզել կապերն ակումբի հետ։ Մասնավորապես, Էնդի Դիուֆը և Դավիդե Ֆրատեզին ավելի մոտ են հեռանալուն, քան մնալուն։ Մեծ հարցականի տակ է նաև Նիկոլո Բարելայի ապագան «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում՝ հաշվի առնելով նրա ոչ այնքան տպավորիչ մրցաշրջանը։
Ըստ Gazzetta dello Sport-ի և FCInterNews-ի՝ «Սան Սիրոյի» ղեկավարությունն արդեն որոշել է չերկարաձգել Ֆրանչեսկո Աչերբիի, Մատեո Դարմիանի և Ստեֆան դե Վրեյի պայմանագրերը։ Պաշտպանությունից կարող է հեռանալ նաև Դենզել Դումֆրիսը, ում նկատմամբ դեռ հունվարին լուրջ հետաքրքրություն էր ցուցաբերում անգլիական «Լիվերպուլը»։
Փոփոխություններ կլինեն նաև դարպասային գծում. Յան Սոմերի կարիերան Ա Սերիայում մոտենում է տրամաբանական ավարտին, իսկ «Ինտերն» արդեն իսկ գտել է երազանքի թեկնածուին՝ ի դեմս «Ռոմայի» դարպասապահ Միլե Սվիլարի։
Մրցակցություն հարձակման գծում
Ինչ վերաբերում է հարձակմանը, ապա Մարկուս Թյուրամը նույնպես կարող է հավաքել ճամպրուկները։ Պատճառն այն է, որ Կրիստիան Կիվուն «Ինտերի» մեծահասակների թիմում հնարավորություն է տվել պատանի Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոյին, ով իր փայլուն խաղով շատ արագ ստվերում է թողել ֆրանսիացի հարձակվողին։
