Պայթյուններ՝ Դուբայում և Դոհայում․վնասվել են Դուբայի օդանավակայանն ու «Բուրջ ալ-Արաբ» հյուրանոցը | Region

Պայթյուններ՝ Դուբայում և Դոհայում․վնասվել են Դուբայի օդանավակայանն ու «Բուրջ ալ-Արաբ» հյուրանոցը

Մարտ 01,2026 12:01

Ըստ ականատեսների՝ կիրակի օրը՝ արդեն երկրորդ օրն անընդմեջ, հզոր պայթյուններ են լսվել Դուբայում և Կատարի մայրաքաղաք Դոհայում: Սա տեղի է ունենում այն համապատկերում, երբ ընդլայնվում են Իրանի պատասխան հարվածները հարևան ծոցի երկրներին՝ ի պատասխան Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած հարձակումների:

Իրանը հայտարարել էր, որ թիրախավորելու է տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաները, սակայն հարվածներ է հասցրել ծոցի քաղաքների մի շարք այլ թիրախների ևս:

Դուբայի լրատվական գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Դուբայում երկու մարդ է վիրավորվել, երբ խոցված անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են երկու բնակելի տների վրա:

Reuters-ի փոխանցմամբ՝ վնասնվել են  Դուբայի միջազգային օդանավակայանը, քաղաքի խորհրդանիշ համարվող «Բուրջ ալ-Արաբ» հյուրանոցը և շքեղ «Պալմ Ջումեյրա» արհեստական կղզին:

Սև ծխի հաստ շերտերը շարունակում են բարձրանալ Ջեբել Ալի նավահանգստի տարածքից, որտեղ կիրակի օրը՝ ավելի վաղ, հրդեհ էր բռնկվել կառամատույցներից մեկում՝ օդում որսված հրթիռի բեկորների պատճառով: Դուբայը Մերձավոր Արևելքի խոշորագույն զբոսաշրջային և առևտրային կենտրոնն է, իսկ նրա օդանավակայանը աշխարհի ամենածանրաբեռնված տրանսպորտային հանգույցներից մեկն է։

Կատարի ներքին գործերի նախարարությունը կիրակի հայտնել է, որ արձագանքում է արդյունաբերական գոտում բռնկված տեղային հրդեհին, որն առաջացել էր որսված հրթիռի բեկորների անկման հետևանքով:

Երեկ Իսրայելը հարվածել է Իրանին։ Իրանն էլ պատասխան հարվածներ  է հասցրել, թիրախավորելով նաև տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաները։

ԱՄՆ նախագահը հայտարարել է,  որ «ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Իրանում»

«Մենք կոչնչացնենք դաժան իրանական ռեժիմի կողմից ներկայացվող սպառնալիքը։ Մեր նպատակն է պաշտպանել ամերիկյան ժողովրդին՝ վերացնելով իրանական ռեժիմից բխող անմիջական և անխուսափելի սպառնալիքները»,-հայտարարել է Թրամփը։

Իրանը հաստատել է, որ իր գրասենյակում շաբաթ օրը առավոտյան սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։

 

 

Նորություններ