Հռոմի պապ Լևոն XIV-ը երկրներին կոչ է արել հիշել խաղաղության հասնելու իրենց բարոյական պատասխանատվության մասին | Region

Հռոմի պապ Լևոն XIV-ը երկրներին կոչ է արել հիշել խաղաղության հասնելու իրենց բարոյական պատասխանատվության մասին

Մարտ 01,2026 20:11

Հռոմի պապ Լևոն XIV-ը երկրներին կոչ է արել հիշել խաղաղության հասնելու իրենց բարոյական պատասխանատվության մասին՝ Մերձավոր Արևելքում Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածներից հետո բռնության սրման ֆոնին, հայտնում է Vatican News-ը։

Կիրակի օրը «Հրեշտակ Տեառն» աղոթքի ժամանակ ելույթ ունենալիս քահանայապետը «խորը մտահոգություն» է հայտնել Մերձավոր Արևելքում և Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ։

«Կայունությունն ու խաղաղությունը չեն կառուցվում փոխադարձ սպառնալիքների վրա և չեն ստեղծվում զենքով, որը սփռում է ավերածություններ, տառապանք և մահ, այլ միայն խելամիտ, անկեղծ և պատասխանատու երկխոսության միջոցով», – ասել է նա։

Հռոմի պապը նախազգուշացրել է հսկայական ողբերգության մասին, եթե բռնությունը դուրս գա վերահսկողությունից։ «Տեսնելով հսկայական մասշտաբների ողբերգության հավանականությունը՝ ես կողմերին անկեղծ կոչ եմ անում ստանձնել բարոյական պատասխանատվություն և կանգնեցնել բռնության պարույրը, նախքան այն կվերածվի անուղղելի անդունդի», – ավելացրել է նա։

Հռոմի պապ Լևոն XIV-ն աղոթել է, որպեսզի երկրները վերադառնան երկխոսության՝ հանուն խաղաղության հաստատման։ «Թո՛ղ որ դիվանագիտությունը վերականգնի իր դերը, և թո՛ղ որ առաջ մղվի ժողովուրդների բարօրությունը՝ այն ժողովուրդների, որոնք ձգտում են արդարության վրա հիմնված խաղաղ գոյակցության», – ասել է նա։ «Եվ եկե՛ք շարունակենք աղոթել խաղաղության համար»։

Նորություններ