«Եկել ենք կոնկրետ պայմանավորվածությունների աշխատանքի հետագա կազմակերպման համար»․ Փաշինյանը հայ բեռնափոխադրողների՝ Վրաստաւմ ծագած խնդիրների մասին | Region

«Եկել ենք կոնկրետ պայմանավորվածությունների աշխատանքի հետագա կազմակերպման համար»․ Փաշինյանը հայ բեռնափոխադրողների՝ Վրաստաւմ ծագած խնդիրների մասին

Մարտ 04,2026 17:55

«Ինձ բազմաթիվ նյութեր են ուղարկում, որ մեր հայրենակիցները կեղեքվում են այդ ճանապարհին և ստիպված են լինում շաբաթներով, ամիսներով հերթի կանգնել և մինչև նյութական շահագրգռությամբ հարցերը չեն լուծում, բեռները տեղ չեն հասնում։ Կառավարությունը անտերության է մատնել մեր քաղաքացիներին։ Դուք այս հարցը քննարկե՞լ եք Վրաստանի ձեր գործընկերոջ հետ, դուք էս հարցը տվե՞լ եք Վրաստանի վարչապետին, թե ինչն է պատճառը, որ մեր տնտեսվարողները խոչընդոտների են հանդիպում»,-այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի  ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա ներկայացրեց վերջին շրջանում Հայաստան-Վրաստան սահմանին առաջացած բեռնափոխադրման խնդիրները, մասնավորապես՝ հայ բեռնափոխադրողները դժգոհում են, որ ՌԴ-ից Հայաստան ճանապարհին Վրաստանի անցակետում վրացական կողմը խոչընդոտում է բեռնափոխադրմանը, վարորդներն ահազանգում են, որ իրենցից հավելյալ գումար են պահանջում, որպեսզի թույլ տան անցնեն սահմանը։

Փաշինյանը երեկ այցելել էր Վրաստան ու հանդիպել այդ երկրի վարչապետի հետ։ Արդյոք նա բեռնափոխադրողների ներկայացրած խնդիրը քննարկել է վրացական կողմի հետ։

Ի պատասխան Փաշինյանն ասաց․«Մենք մեր օրակարգի բոլոր հարցերը քննարկել ենք, թե տնտեսական, թե քաղաքական, թե տրանսպորտային։ Եկել ենք կոնկրետ եզրակացությունների, պայմանավորվածությունների աշխատանքի հետագա կազմակերպման համար»։

Գառնիկ Դանիելյանը կրկնեց իր հարցը. «Դուք այդ հարցը բարձրացրե՞լ եք, որ մեր տնտեսվարողները կաշառքի դիմաց ամիսներ շարունակ կանգնում են այնտեղ ձնի, բքի պայմաններում։ Եվ նյութական շահագրգռության դիմաց է իրենց հարցը լուծվում։ Ասե՞լ եք, որ Հայաստանի իշխանությունները այս խնդիրը տեսնում, են, ի վերջո, երբ է այս հարցին լուծում տրվելու»։

Պատգամավորի հարցին Փաշինյանը կոնկրետ չպատասխանեց, մի բան էլ պատգամավորին մեղադրեց, թե սադրանքով է զբաղվում․«Ոչ մի անակնկալ չկա, որ դուք ոչ թե հարց եք տալիս, այլ սադրանքով եք զբաղված։ Եթե ունեք կոնկրետ տեղեկատվություն, ես ուզում եմ իմանալ, թե ե՞րբ և ո՞ր իրավապահ մարմին եք դիմել։ Այսինքն, ձեր սադրանքներով դուք ուզում եք պրոբլեմներ ստեղծեք, որ հետո գաք այդ պրոբլեմի մասին խոսեք, հետո նոր սադրանքներ անեք, հետո ավելի բարձր խոսեք այդ սադրանքների մասին։ Դուք ասացիք՝ ի՞նչ կարող ենք փոխանցել տնտեսվարողներին, դուք ոչ մի բան չեք կարող փոխանցել, որովհետեւ դուք փոխանցելու ոչ մի բան չունեք։ Կառավարությունն ապահովում է Հայաստանի տրանսպորտային արտահանման և ներմուծման խնդիրները։ Իսկ եթե դուք  այլ ինֆորմացիա ունեք, իրավապահներին պետք է դիմեք։ Եթե մինչև հիմա չեք դիմել, ուրեմն դուք պարզ  պրովոկացիայով եք զբաղված։ Բոլոր հարցերը, որ կան Հայաստանի ու Վրասդտանի օրակարգում, բոլորը քննարկվել են»։

 

Նորություններ