Քեզ խնդրում եմ մի գնա․ արդյո՞ք Ինտերի հերթական հրապարակումը թաքնված մեսիջ է Մխիթարյանի հետագա պլանների մասին
Միլանի «Ինտերի» պաշտոնական սոցիալական հարթակները շարունակում են հաճելիորեն զարմացնել հայ երկրպագուներին:
Ակումբը յուրօրինակ նախաձեռնություն է սկսել՝ նվիրված թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին. պարբերաբար հրապարակվում են հայ ֆուտբոլիստի մասնակցությամբ խաղային տպավորիչ դրվագներ՝ համեմված հայկական երաժշտությամբ և հայատառ մակագրություններով:
«Ներաձուրիի» հերթական հրապարակումը նվիրված է Չեմպիոնների լիգայում Մխիթարյանի գլխով խփած գոլին: Ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութին կից կատարել է հետևյալ գրառումը.
«Մխիթարյանի գլխով գոլը Չեմպիոնների Լիգայում ✨⚽
Հետևեք մեզ՝ Հայաստանի մասին ավելի շատ բովանդակության համար 🇦🇲»:
Սակայն այս հրապարակման մեջ կա մի շատ նուրբ ու հետաքրքիր դետալ, որը կեսկատակ-կեսլուրջ քննարկումների առիթ կարող է դառնալ: Տեսանյութի համար որպես երաժշտական ձևավորում ընտրվել է «Քեզ խնդրում եմ մի գնա» ստեղծագործությունը:
Արդյո՞ք սա պարզապես պատահականություն է, թե՞ յուրօրինակ թաքնված ակնարկ ակումբի կողմից: Բանն այն է, որ 37-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: Ավելին, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, իտալական մամուլում և ինսայդերական շրջանակներում լուրեր են շրջանառվում, որ հնարավոր է՝ Մխիթարյանը մրցաշրջանի ավարտին որոշում կայացնի կարիերան ավարտելու վերաբերյալ:
Այս համատեքստում «Ինտերի» էջի հնչեցրած «մի գնա» կոչը խիստ խորհրդանշական է ստացվում:
Անկախ այս ամենից, հայ ֆուտբոլիստը շարունակում է վստահորեն հանդես գալ և առանցքային դերակատարություն ունենալ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմում՝ սպասելով մրցաշրջանի ավարտին և վերջնական որոշման կայացմանը:
