Վրաստան-ԵՄ հարաբերությունների քայքայումը ուղղորդված է Մոսկվայից, այդ թվում՝ Հայաստանի՝ԵՄ ինտեգրման հնարավորությունները սահմանափակելու համար․ Թումասյան | Region

Վրաստան-ԵՄ հարաբերությունների քայքայումը ուղղորդված է Մոսկվայից, այդ թվում՝ Հայաստանի՝ԵՄ ինտեգրման հնարավորությունները սահմանափակելու համար․ Թումասյան

Մարտ 14,2026 18:46

Եվրախորհրդարանում Վրաստանի վերաբերյալ Հայաստանի վարչապետի հայտարարությունն ամբողջությամբ արտացոլում է իրականությունը։ Հայաստանը սկսել է եվրաինտեգրման գործընթացն այն բանից հետո, երբ Վրաստանը ստացավ թեկնածուի կարգավիճակ։ Դրա հետևանքով Վրաստանը սկսեց ակտիվորեն արգելափակել իր իսկ եվրաինտեգրումը։ Վրաստանի իշխանությունները կանգնեցրին եվրաինտեգրման գործընթացը, իրականացրին մի շարք հակաեվրոպական և հակաժողովրդավարական նախաձեռնություններ։ Դրանից հետո Հայաստանը բախվեց մի իրականության, որը վկայում է այն մասին, որ ինտեգրումը ԵՄ-ին, չնայած Հայաստանում ընդունված եվրոպական ինտեգրման մասին օրենքին, փաստացի սահմանափակված է Վրաստանի՝ ԵՄ-ին ինտեգրվելու դադարեցման պատճառով։

Այս կարծիքը RegionsTV-ի հետ զրույցում հայտնեց հասարակական գործիչ և «Վրաստանի հայ համայնքի հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը՝ քննարկելով Փաշինյանի մտահոգությունը ԵՄ-Վրաստան հարաբերություններում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Գիորգի Թումասյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Եվրախորհրդարանում փաստի արձանագրում է։ Նրա խոսքով՝ Հայաստանը, ձգտելով եվրոպական ինտեգրման, հայտնվել է Վրաստանի դիրքորոշման պատանդի կարգավիճակում։

Հիշեցնենք, որ մարտի 11-ին, ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանի ամբիոնից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է․«ԵՄ–ին Հայաստանի ինտեգրվելու ճանապարհին այս պահին ամենամեծ խնդիրը Եվրոպական Միության եւ Վրաստանի միջեւ քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։ Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական Միություն, եւ մենք Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ։ Սա Հայաստանի ԵՄ անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի եւ մեր ակնկալիքն ու խնդրանքն է, որ Եվրոպական Միություն–Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա։ Դա կարեւոր է Հայաստանի համար, նույնքան կարեւոր, որքան Վրաստանի համար»։

Նշենք, որ Բրյուսելը սառեցրել է երկխոսությունը Թբիլիսիի հետ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։ Արևմտյան երկրները Վրաստանին մեղադրում են ժողովրդավարական սկզբունքներից զգալի նահանջի մեջ։

Վերլուծելով Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում՝ Գիորգի Թումասյանը կարծում է, որ Փաշինյանի խոսքերը պետք է ընկալվեն որպես մտահոգության արտահայտություն, այլ ոչ թե որպես ուղղակի միջամտություն։

«Փաշինյանը չի միջամտել Վրաստանի և ԵՄ-ի հարաբերություններին։ Նա պարզապես նշել է այն փաստը, որ Հայաստանի համար դա խնդրահարույց հարց է։ Ես կարծում եմ, որ նա կցանկանար, որ այդ հարաբերությունները վերադառնային կոնստրուկտիվ հուն, և ինտեգրումը տեղի ունենար։ Վրաստանը և Հայաստանն ունեն ռազմավարական գործընկերության պայմանագիր, որտեղ գրված է, որ կողմերը կիսում են համաեվրոպական արժեքները։ Վրաստանը խախտել է այդ պայմանագիրը՝ հակաեվրոպական, ռուսական քաղաքականություն վարելով»,- ընդգծեց փորձագետը։

Թումասյանի կարծիքով՝ աայսօր Հարավային Կովկասի երեք երկրների ղեկավարներից Փաշինյանը միակ ժողովրդավարական ղեկավարն է, ուստի, ինչպես ասաց Թումասյանը, նա օգտագործում է այդ հնարավորությունը՝ առաջ մղելու Հայաստանի, այդ թվում նաև Վրաստանի եվրոպական ինտեգրումը։

Վրաստանում գործող հասարակական գործիչը նշեց, որ Վրաստանի հարաբերությունների քայքայումը Եվրամիության հետ ուղղորդված է Մոսկվայի հրահանգով, այդ թվում՝ Հայաստանի եվրոպական ինտեգրման հնարավորությունները սահմանափակելու համար․«Հետևաբար, ես չեմ կարծում, որ Փաշինյանի հայտարարությունը որևէ կերպ կնպաստի նրան, որ Վրաստանի իշխանությունները փոխեն իրենց քաղաքականությունը։ Ընդհանուր առմամբ, ես Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում գնահատում եմ շատ դրական. նշվեցին մի շարք կարևոր հարցեր»։

Գիորգի Թումասյանը կարծում է, որ «Հայաստանում կա ժողովրդավարություն, և այսօր այն վտանգված է ռուս օլիգարխի և ավտորիտար ռեժիմի կողմից, որը փորձում է վերադառնալ իշխանության Ռուսաստանի հիբրիդային հարձակումների միջոցով։ Նաև, ինչպես ասում էր վարչապետը Եվրախորհրդարանում, վտանգ կա ՊԱԿ-ի (КГБ) կողմից կառավարվող Եկեղեցու կողմից։ Հետևաբար, ժողովրդավարությունը պետք է պաշտպանվի։ Այդ նպատակով շուտով Հայաստան կժամանի Եվրամիության՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի խումբը»,-նշեց Գիորգի Թումասյանը։

Զաբելա Ավագյան

 

 

 

Նորություններ