Կարեն Հովհաննիսյան. ՆԱՏՕ-ն կամ ԵՄ հիմնական երկրները չեն մասնակցի Իրանի դեմ պատերազմին, քանի որ դա կնշանակի Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկ | Region

Կարեն Հովհաննիսյան. ՆԱՏՕ-ն կամ ԵՄ հիմնական երկրները չեն մասնակցի Իրանի դեմ պատերազմին, քանի որ դա կնշանակի Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկ

Մարտ 18,2026 10:05

Վերջերս ԱՄՆ-ը կոչ է անում այլ երկրներին միանալ իրենց և ռազմական նավեր ուղարկել Հորմուզի նեղուցը բացելու համար։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը կարծում է, որ  ՆԱՏՕ-ն կամ ԵՄ հիմնական երկրները ԱՄՆ-ի և Իսրայելի հետ միասին չեն մասնակցի Իրանի դեմ պատերազմին։

Իրանում պատերազմի 19-րդ օրն է։ Իսրայելն ու Իրանը շարունակում են հարվածներ հասցնել միմյանց։ Վաշինգտոնը բանակցությունների հնարավորություն է փնտրում, սակայն Իրանը դեռևս չի ցանկանում գնալ փոխզիջման և ձգտում է ամրապնդել իր դիրքերը։ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը կարող է շուտով ավարտվել։ «Մենք կարող ենք կանգ առնել այստեղ, բայց մենք առաջ կգնանք»,-ասել է Թրամփը։

RegionsTV-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն ասում է՝ հակամարտությունը թևակոխել է հյուծող դիմակայության փուլ, որտեղ յուրաքանչյուր նոր հարված ավելի շատ ծառայում է ուժի ցուցադրման և «դեմքը փրկելու» նպատակներին, քան դիրքերի արմատական փոփոխությանը։

«Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի երկրներում բռնկված ռազմական բախումներն ավելի շատ ազդեցություն են ունենում առավել զարգացած երկրների վրա։ Խոսքը Պարսից ծոցի այն պետությունների մասին է, որոնց տնտեսությունն ուղղակիորեն կապված է կայունության և խաղաղ կենսագործունեության հետ։ Այս առումով վստահաբար կարող եմ ասել՝ ստեղծված իրավիճակից ամենաշատը տուժում են հենց Պարսից ծոցի երկրները, այլ ոչ թե Իրանը։ Պատճառն այն է, որ Իրանը վերջին 40 տարիներին ապրել է մշտական պատժամիջոցների ու հրթիռային հարվածների սպառնալիքի ներքո և իր տնտեսությունը կառուցել է հենց այդ գործոնները հաշվի առնելով։ Մինչդեռ Պարսից ծոցի երկրները՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը և մյուսները, իրենց տնտեսական վերելքն ապահովել են բացառապես խաղաղ պայմաններում, և հիմա հենց նրանք են ամենածանր հարվածը ստանում»,-նշում է ռազմական փորձագետը։

Ըստ նրա՝ եթե իրավիճակին նայենք ռազմավարական և մարտավարական տեսանկյունից, կարելի է վստահորեն ասել, որ այս փուլում Իրանը դեռևս դիմադրություն է ցույց տալիս և ունակ է ավելիին. կարող է ոչ միայն դիմադրել, այլև հասցնել հակահարվածներ, որոնք բավականին ցավոտ են ամերիկյան և իսրայելական ռազմակայանների համար։

«Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ և, որ ավելի կարևոր է, այն փաստը, որ ԱՄՆ կառավարման համակարգը պայմանավորված է եզակի մոդելով, կարելի է ասել, որ Թրամփը կանի հնարավոր ամեն ինչ՝ հաղթանակ տանելու այն պատերազմում, որն ինքը սկսել է այս տարածաշրջանում։ Եթե նա չհաղթի, դա պարտություն կլինի ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև հենց Թրամփի համար, քանի որ դա մեծապես կորոշի նրա նախագահության ապագան. մեծ հաշվով, դրանով կհաջողվի նաև ամրապնդել դիրքերը հետագա իշխանավարման համար։ Հետևաբար, Թրամփի վարչակազմը մեծ նշանակություն է տալիս անգամ փոքր հաջողությանն այս հարցում, քանի որ դրանից են կախված նրա հետագա գործողությունները՝ որպես ԱՄՆ կառավարություն»,-ասում է Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Իրանի դեմ պատերազմն ավելի մասշտաբային կդառնա, ինչպես ասում է փորձագետը,  ապա հենց հիմա էլ ընթանում են լայնամասշտաբ ռազմական գործողություններ, ավելի շուտ՝ արդեն պատերազմ է գնում, և չնայած այն բանին, որ ամեն ինչ արվել է Իրանի դեմ ցամաքային գործողություն սկսելու համար, մինչ օրս այն չի սկսվել․« Բացառված չէ, որ որոշակի փուլում սկսվի նաև ցամաքային գործողությունը։ Այս դեպքում չեմ կարծում, որ այդ գործողությունները օգուտ կբերեն ԱՄՆ-ին կամ Իսրայելին»։

Հորմուզի նեղուցը Իրանի կարևորագույն հաղթաթուղթն է, որն այժմ գտնվում է Իրանի ձեռքում, փորձագետը նկատում է՝ Իրանը կարող է դրանով ողջ աշխարհին կանգնեցնել փաստի առաջ։ Ընդ որում, Հովհաննիսյանը չի կարծում, թե Իրանը կարող է որևէ անհաջողություն կրել Հորմուզի նեղուցում, որովհետև նրա մարտավարությունն այնտեղ լիովին այլ է, այստեղ թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական առումով ողջ վերահսկողությունը Իրանի ձեռքում է։

Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Թրամփի այն հայտարարությունը, թե «երկրները, որոնք նավթ են գնում, պետք է իրենք ապահովեն Հորմուզի նեղուցի բացումը, ԱՄՆ-ը նրանց չի օգնելու», Կարեն Հովհաննիսյանն ասում է, որ Թրամփին պետք է միջազգային գործընկերների, հատկապես ՆԱՏՕ-ի աջակցությունը, որպեսզի, այսպես ասած, Հորմուզի նեղուցը վերադարձնի աշխարհին։ Հենց այդ պատճառով էլ վերջին շրջանում Թրամփը կոչ է անում նույնիսկ այնպիսի երկրների, ինչպիսին Չինաստանն է, միանալ իրենց և ռազմական նավեր ուղարկել նեղուցը բացելու համար։

«ՆԱՏՕ-ն ինքը չի գնա նման քայլի, որովհետև դա կնշանակի ցամաքային պատերազմի մեկնարկ, հետևաբար նաև՝ Երրորդ համաշխարհային։ Ուստի ՆԱՏՕ-ի մասնակցությունը քիչ հավանական եմ համարում։ Պետք է խոստովանել, որ ՆԱՏՕ-ն ոչ պաշտոնապես մասնակցում է նաև մեկ այլ ռազմական գործողության՝ ռուս-ուկրաինական պատերազմին՝ զենք ու զինամթերք մատակարարելով Ուկրաինային։ Չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն կամ եվրոպական հիմնական երկրները ԱՄՆ-ի և Իսրայելի հետ միասին կմասնակցեն Իրանի դեմ պատերազմին, թեև հենց Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում իրանական հարցի շուրջ միասնություն չկա»,-նշում է Հովհաննիսյանը։

Ռազմական փորձագետը նաև քիչ հավանական է համարում, որ ԱՄՆ-ը կկարողանա կիրառել որևէ տեսակի միջուկային զենք. «Քանի որ Իրանի շուրջը գտնվում են երկրներ, որոնք ԱՄՆ-ի համար համարվում են բարեկամական. հիմնականում Պարսից ծոցի երկրներն են։ Մերձավոր Արևելքում դա Իրաքն է, Սիրիան, որն այժմ արդեն վերահսկվում է Թուրքիայի կողմից, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը։ Այսինքն՝ անհնար է այստեղ միջուկային զենք կիրառել, չնայած այն բանին, որ հնարավոր է զանգվածային ոչնչացման որևէ զենքի կիրառում։ Բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ եթե այն օգտագործվի, համենայն դեպս՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, ապա դա չի լինի հաղթանակ, այլ պարզապես կհանգեցնի ԱՄՆ-ի կապիտուլյացիային»,:

Զաբելա Ավագյան

 

Նորություններ