«Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է»․ Փաշինյան
«Անկախության հռչակագրի խնդիրը և մեր Սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, որովհետև դա անհրաժեշտ է մեզ և ոչ թե ուրիշներին՝ մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար: Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության հռչակագիր է, դա կոնֆլիկտի հռչակագիր է, արդյունքում կախվածության հռչակագիր է»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագորղների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով նոր Սահմանադրություն ընդունելու, Սահմանադրության ներածությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու վերաբերյալ հարցին:
«Պատկերացրեք տեղափոխվել եք նոր բնակարան և սպառնում եք ձեր հարևաններին՝ այդպիսով հռչակելով նաև անկախություն, ո՞նց եք այդ սպառնալիքների պայմաններում ապրելու այդ միջավայրում, միայն արտաքին օգնությամբ, իսկ արտաքին օգնություն ակնկալելը դնելու է շարունակաբար մեծացող, ահագնացող կախվածության մեջ նրանցից, ումից այդ օգնությունը ակնկալում եք»,-ասաց Փաշինյանը։
Ապա նա հավելեց․ «Եվ, հետևաբար, Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է: Սահմանադրությունն ու այս խոսակցությունը մեզ է պետք, դա մեր ներքին օրակարգի հարց է: Մենք դա արտաքին որևէ ուժի հետ չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու: Մենք դա քննարկում ենք մեր ժողովրդի հետ»։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության տեքստում Հայաստանի անկախության հռչակագրին չպետք է հղում լինի։ Օրերս էլ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյան ասել էր, որ Սահմանադրության նոր տեքստի նախագիծն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, նաև ԱԺ ՔՊ խմբակցությունում:
Նորություններ
