ՆԳ նախարարն անդրադառնում է այլ երկրներում հայերին ճնշելու ու ՀՀ ընտրություններին մասնակցելու մասին ԱՀԾ զեկույցին
«Վստահ եմ բոլորդ էլ հետևում եք լրատվական դաշտի և այնպիսի ուժեր այնպիսի մտքեր և հայտարարություններ են հնչեցնում, որոնք, այո, հակադարձում են հաստատված խաղաղությանը և կարող է նմանատիպ քաղաքական ռեակցիա լինել, ինչը բնական է»,-այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ներքին գործեր նախարար Արփինե Սարգսյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանում կան ուժեր, որոնք պատերազմ են նախապատրաստում, ընդ որում՝ ծանր հետևանքներով։
Արդյոք իրավական հիմքեր կան Փաշինյանի հայտարարությունում, ըստ որի՝ որոշ ուժեր նոր սեպտեմբերյան պատերազմ են պատրաստում, դա խուճապի առիթ չի՞ հանդիսանա, այս հարցին ի պատասխան էլ նախարարն ասաց․«Որևէ խուճապի մասին խոսք չկա։ Վարչապետը փաստական առումով անդրադառնում է խոսույթին, որն ըստ էության կա այս պահի դրությամբ քաղաքական դաշտում և քաղաքական արձագանք է նաև տալիս որպես երկրի ղեկավար։ Նշեմ, որ եթե այլ հանցագործության տարրերի հետ կապված հարցեր առաջանան, բնականաբար ՆԳՆ-ն հանդես կգա հաղորդագրությամբ»։
Անդրադառնալով ՀՀ արտաքին հետախուզական ծառայության զեկույցին, ըստ որի, օտար պետություններում ՀՀ քաղաքացիների վրա ճնշում են գործադրում, որպեսզի նրանք խորհրդարանական ընտրություններում գործեն ի նպաստ որոշ քաղուժերի, նախարարն ասաց․ «Երբ արտաքին հետախուզության ծառայությունը հանդես եկավ հայտարարությամբ, բնականաբար ՆԳՆ ոստիկանությունը իրականացրել է ստուգողական որոշակի աշխատանքներ, և փաստական տվյալներ է ձեռք բերել։ Եթե կարդաք քննչական կոմիտեի հաղորդագրությունը կոնկրետ այս դեպքով, մեր ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթը, կտեսնեք, որ այնտեղ ճշգրտումներ կան ներկայացված թե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում գործունեություն ծավալող կուսակցությունների, թե կուսակցության ներկայացուցիչների, և՛ թե նաև այլ դերակատարների օժանդակությամբ պրոցեսսը կազմակերպելու մասով։ Ցանկացած տեղից եկող ազդակ, բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում է լինելու՝ անկախ երկրից»։
Թե ո՞ր երկրում են ճնշում գործադրում հայերի նկատմամբ, նախարարը չասաց։
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը մարտի 10-ին հայտարարել է, որ ծառայությունը ստանում է հետախուզական տեղեկություններ այն մասին, որ որոշ երկրներում, հանդես գալով տվյալ պետության հատուկ ծառայությունների անունից, տարբեր անձինք փորձում են ճնշում գործադրել այդ երկրում տնտեսական գործունեություն ծավալող հայազգի անձանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ՝ դրդելով նրանց քայլեր ձեռնարկել՝ ի նպաստ որոշ քաղաքական ուժերի, որոնք հայտարարել են Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ Այդ գործողությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում միայն վերոհիշյալ գործարարների կողմից այդ քաղաքական ուժերին ֆինանսական և կազմակերպչական աջակցություն ցուցաբերելով»։
Տիրուն Մարգարյան
Նորություններ
