«Այսօր ԵՄ-ՀՀ հարաբերություններն ավելի լավ են, քան երբևէ եղել են Եվրոպական միության պատմության վերջին շրջանում»․ Մարթա Կոսն այսօր Գյումրիում էր | Region

«Այսօր ԵՄ-ՀՀ հարաբերություններն ավելի լավ են, քան երբևէ եղել են Եվրոպական միության պատմության վերջին շրջանում»․ Մարթա Կոսն այսօր Գյումրիում էր

Մարտ 20,2026 20:51

Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն այսօր Գյումրիում էր։ Նա ծանոթացել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև այցելել Շիրակի պետական համալսարան, որտեղ հանդես է եկել դասախոսությամբ՝ նվիրված ԵՄ-Հայաստան հարաբերություններին։

«Եվրոպան և Հայաստանը կապված են բազմաթիվ մակարդակներով, հայերը դարեր շարունակ ձևավորել են եվրոպական կյանքը։ Հայերը մեր ընտանիքն են, և մեզանից շատերի համար մեծ ուրախություն է, որ այսօր մեր հարաբերություններն ավելի լավ են, քան երբևէ եղել են Եվրոպական միության պատմության վերջին շրջանում։ Մենք շարունակում ենք այս հիմքի վրա կառուցել և գնալ էլ ավելի մերձեցման»,-ասել է հանձնակատարը։

Նա Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Եվրամիությունը նախատեսում է ընդլայնել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների, մասնավորապես՝ ընտրական ենթակառուցվածքների պաշտպանությանն ուղղված աջակցությունը՝ հաշվի առնելով կիբեռանվտանգության և ապատեղեկատվության ոլորտում ներկայիս մարտահրավերները։

Նա նկատեց, որ օրինակ ընտրական գործընթացներում հնարավոր է լինեն իր նշած խնդիրները՝ կիբեռհարձակումների վտանգը, ինչը կարող է  վտանգել կամ խափանել քվեարկության բնականոն ընթացքը։ Օրինակ բերեց նաև հոսանքազրկումները, և ինչպես ինքն ասաց՝ «կարո՞ղ եք նորմալ ընտրություններ ունենալ, եթե ընտրությունների օրը հոսանք չլինի, և համակարգիչները չաշխատեն:  Պատկերացնո՞ւմ եք, որ գաք ընտրությունների, և ձեր ձայնը հաշվի չառնվի, կամ որոշ ձայներ գնվեն»։

Հիշեցեցնելով Մոլդովայի փորձը, Կոսն ասաց, որ «Մոլդովայում Ռուսաստանը հսկայական ֆինանսական միջոցներ է ներդրել ընտրակաշառքի և այլ միջոցներով ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար», ուստի, հանձնակատարի խոսքով՝ ժողովրդավարությունները հարձակման տակ են։

Նա վստահեցերց, որ այդ սպառնալիքներին հակազդման վերաբերյալ եվրոպական փորձն ու գիտելիքն այժմ կիսում են Հայաստանի հետ, որպեսզի, ինչպես հանձնակատարն ասաց՝ «Հայաստանում ինքնուրույն և լիարժեք ազատ ու արդար ընտրություններ անցկացվեն, որտեղ յուրաքանչյուր ձայն հաշվի կառնվի»։

Մարթա Կոսն այսօր այցելել է նաև Գյումրու հին շուկայի տարածք։

Հիշեցնենք, որ այստեղ 2024 թվականից իրականացվում է վերականգնման խոշոր ծրագիր՝ ԵՄ աջակցությամբ ու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ՝ միջազգային գործընկերների և բարերարների աջակցությամբ։

Ըստ այս ծրագրի նախատեսվում է  հիմնել խոհարարական դպրոց, որտեղ դասավանդելու են ֆրանսիական հանրահայտ «Institut Lyfe»-ի մասնագետները։ Լավագույն շրջանավարտները հնարավորություն կստանան ուսումը շարունակելու Լիոնում։

Բացի այս, ծրագրված է, որ շուկայի տարածքում պետք է գործեն առևտրի տաղավարներ, ռեստորաններ, մշակութային կենտրոններ և այլն։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել  2027 թվականի վերջ։

 

Նորություններ