Նոր Սահմանադրությամբ կառավարման կարգի փոփոխություն չի նախատեսվում․Գալյան | Region

Նոր Սահմանադրությամբ կառավարման կարգի փոփոխություն չի նախատեսվում․Գալյան

Մարտ 23,2026 14:52

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների խորհրդում Սահմանադրության նոր տեքստի քննարկմանն ու խորհրդի անդամներից Դանիել Իոաննիսյանի հայտարարությանը, որ մի շարք հարցեր, մի շարք շրջանառված առաջարկություններ չեն քննարկվել Սահմանադրության նախագծում,  Փաշինյանի հետ չեն քննարկվել, մինչդեռ նախարարը հայտարարել է, որ նախագիծը պատրաստ է, ասաց՝ «նոր Սահմանադրության ընդունման ժամկետներում մենք պետք է ունենանք սահմանափակումներ գոնե մեր մտքում»։

Գալյանն ասաց, որ ինքը ստանձնել է պարտականություն պատրաստել տեքստը և մաս առ մաս ներկայացնել քննարկման սահմանադրության բարեփոխումների խորհրդին․«Այդպես էլ անում ենք։ որհրդում քննարկումները շարունակվում են, և տեքստ պատրաստ լինել ասելով կարող ենք մեկնաբանել, թե ինչ ենք հասկանում։ Մեզ համար տեքստը պատրաստ է, իրավական մասն ամբողջությամբ պատրաստ է։ Այս պահին քաղաքական համատեքստն է մշակվում, և մենք շարունակելու ենք աշխատանքը խորհրդի հետ, որպեսզի չքննարկված հարցեր չմնան։ Պրոցեսը ստատիկ չէ, այնպես չի լինելու, որ տեքստը հրապարակվեց և վերջ։ Մենք տեքստ կամ դրույթներ հրապարակելու ենք, որպեսզի հանրության զգացողությունները շոշափենք ու անդրադարձ ունենանք, կարծիքներ հավաքենք, փոփոխենք, և դրանք նույնպես քննարկվելու են խորհրդի հետ համատեղ։ Այսինքն սա դինամիկ գործընթաց է, որը նաև տևող է և հրապարակումից հետո չի նշանակելու, որ այդ կետում ավարտվում են աշխատանքները։  Աշխատանքները նոր տեմպով շարունակվելու են»։

Արդյոք խորհուրդը պատրաստվո՞ւմ է է նոր Սահամանդրության տեքստից  Անկախության հռչակագրի հղումը հանելու հարցը քննարկել, նախարարն այս հարցին ի պատասխան ասաց՝ բոլոր հարցերը քննարկվելու են․«Խորհրդում էլ են հավաքված մարդիկ, որոնք ունեն շատ տարբեր կարծիքներ և մենք պարտավոր ենք լսել յուրաքանչյուրի կարծիքը։ Բայց վերջում ինչպես կորոշվի ամփոփել նախագիծը, դա կմնա կառավարության հայեցողությանը։ Դրանից հետո որոշողը լինելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին»։

Հարցին՝ մինչև  խորհրդի կողմից տեքստը հաստատելը, Փաշինյանն արդեն հայտարարում է, որ իրենց թիմը կողմ է, որ չլինի Անկախության հռչակագրին հղում նոր նախագծում, արդյոք դրանով նա չի ազդում խորհրդի կարծիքի վրա, Սրբուհի Գալյանը պատասխանեց. «Թող չազդվեն։ Դուք այնպես եք ներկայացնում, որ երբ որ մենք տեքստը հրապարակեցինք, կամ հիմա եթե արվում են հայտարարություններ, ուրեմն վերջ։ Արվում են քաղաքական հայտարարություններ, վարչապետը քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ է, իրավունք ունի հայտարարել այն, ինչ ճիշտ է գտնում։ Խորհրդի անդամներն իրավունք ունեն հայտնել իրենց կարծիքը հրապարակայնորեն, իսկ խորհրդի նիստերն էլ բաց են, եկեք լուսաբանեք։

Նախարարը հայտնեց, որ նոր Սահմանադրությամբ կառավարման կարգի փոփոխություն չի նախատեսվում, որովհետև, իր խոսքով՝ «պառլամենտարիզմը ժողովրդավարության լավագույն դրսևորումն է մեր ընկալմամբ»։

Նորություններ