«Իշխանությունները վախեր ունեն։ Հանկարծ Արցախ բառն ասեն՝ Ալիևն ու Էրդողանը կջղայնանան և իրանց պաշտոնի ու աթոռի համար լավ չի լինի»․ պատգամավոր | Region

«Իշխանությունները վախեր ունեն։ Հանկարծ Արցախ բառն ասեն՝ Ալիևն ու Էրդողանը կջղայնանան և իրանց պաշտոնի ու աթոռի համար լավ չի լինի»․ պատգամավոր

Մարտ 24,2026 16:28

«Այս աղետը բացառապես բերել է գործող իշխանությունը, գործող իշխանության ղեկավարն է մի քանի պատերազմ բերել, նրանց իշխանության օրոք է Արցախը դարձել Ադրբեջան»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանն՝ անդրադառնալով ՔՊ-ականների այն պնդումներին, թե «նախկին իշխանություններն են Արցախը հանձնել»։

Դանիելյանն ասաց․«Նիկոլ Փաշինյանը որտեղի՞ց գիտի, որ սեպտեմբերին պատերազմ կլինի։ Միգուցե իրենք որոշակի առումով կոմունիկացիա՞ ունեն Ադրբեջանի հետ և իրենք  գիտեն օրն ու ժամը պատերազմի։ Ես ուզում եմ հիշեցնել՝ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին որևէ պատերազմ չի եղել, եթե խոսում են զոհերից, ուրեմն գնացեք և վիճակագրությունը նայեք՝ ում իշխանության օրոք ինչքան պատերազմ է եղել, ինչքան զոհեր են եղել,  ինչ  արհավիրհք է եղել,  և էդ տխմարագույն թեզը  թե իբր նախկինում հաղթանակած նախագահները Արցախը  իրենք են հանձնել, ախր կա պատմություն կա իրավիճակ»։

Այսօր ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր․«Ինչո՞ւ եք Արցախ ասում, ուզում եմ հասկանալ, ինձ հետաքրքիր է: Այդ դեպքում ինչո՞ւ եք վատ զգում, երբ ՀՀ-ի ինչ-որ տարածքների ադրբեջանական անվանումներ են տալիս, ենթադրենք՝ Սևանին ինչ-որ մեկը, ինչ-որ տեղ այլ անվանում է տալիս, վատ եք զգում, ինչո՞ւ եք վատ զգում»։

Այս առնչությամբ Դանիելյանն ասաց՝ հիմա բանը հասել է նրան, որ Արցախ բառը լսելիս՝իշխանությունները վախեր ունեն․«Հանկարծ Արցախ բառն ասեն՝ Ալիևն ու Էրդողանը կջղայնանան և իրանց համար լավ չի լինի։ Իրենց պաշտոնի ու աթոռի համար լավ չի լինի»։

Պատգամավորը անդրադարձավ նաև վարչապետի վարքին և այն խոսույթներին, որոնք նա վերջին շրջանում արտահայտել էր, կապված արցախահայերի նկատմամբ․«Դուք ուշադրություն դարձրեք իրենց խոսույթի վրա, սկզբից ասում են բռնի տեղահանված արցախցիներ ու դա էլ են խմբագրել, հիմա էլ բռնի տեղահանված չեն, հիմա աում են՝ փախածներ, այն էլ Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարի ընտանիքի անդամի հանդեպ։ Հերոսների նկատմամբ նման վերաբերմունքը պատահակա՞ն է, հերոսների ընտանիքի նկատմամաբ վերաբերմունքը պատահակա՞ն է, նո՞ր է սկսվել այդ վերաբերմունքը։ Դա Եռաբլուրից է սկսվել, երբ կեղծ ծնկի էր գալիս մեր հերոսների  գերեզմանների առաջ և մի քանի մետր էն կողմ մեր հերոսածին ծնողներին ծեծում ու ջարդում էին։ Էդքան մատախ սերունդը գնացին, զոհվեցին ասացին՝ «հանուն ոչնչի են զոհվել»»։

Պատգամավորի պնդմամբ՝  Արցախի  էջը ուզում են այս իշխանությունները փակեն, նրանք այս հարցի մասին չեն խոսում․« Ադրբեջանը ֆինանսավորում է արևմտյան Ադրբեջան կոնցեպտը և ադրբեջանցիների այստեղ բնակեցման հարցը։ Բանակցային սեղանին չեն դրվում մեր 100 հազարավոր հայրենակիցների վերադարձի հարցը, որ Բաքվում, Կիրովաբադում,  Գանձակում, Սումգաիթում ապրել են, ի վերջո ինքնորոշման իրավունքի դրույթը եռանախագահների կողմից դրվել է ԵԱՏՄ նախագահների կողմից ազգերի ինքնորոշման, իրավունքի հարցն է դրվել, ուժի կիրառման դրույթն էլ է դրվել։ Հայաստանի իշխանությունը հրաժարվում է այդ ամեն ինչից և հիմա այս պահին ՀՀ-ն կանգնել է լրջագույն գոյատևման խնդիրների առջև։ Հայաստանի Հանրապետության լինելիության հարցը փոխկապակցված է Արցախի վերադարձի և վերադարձից հետո նաև ինքնորոշման իրավունքի»։

Տիրուն Մարգարյան

 

Նորություններ