Դատարանը հաստատեց՝ Արշակ սրբազանի գործով ապացույց թմրամիջոցը կորել է, փաստաբանը կասկածներ հայտնեց՝ կարո՞ղ է ծխել են
Արմավիրի դատարանում այսօր ընթացող Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դատավարության ժամանակ դատարանը հաստատեց, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով իրեղեն ապացույց թմրամիջոցը կորել է։ Դատարանը նշեց, որ այս առնչությամբ հարուցվել է պաշտոնական անփութության հոդվածով քրեական գործ:
Ըստ այդմ՝ մարիխուանայի գլանակը կորել է Արմավիրի քննչականում: Փաստաբան Սերգեյ Հարությունյանը կասկածներ հայտնեց՝ «կարո՞ղ է ծխել են»: Արշակ սրբազանի պաշտպանները դատավոր Գևորգ Մանուկյանին բացարկի միջնորդություն ներկայացրին, դատարանն ընդմիջում հայտարարեց, որպեսզի պաշտպանները գրավոր ներկայացնեն միջնորդությունը: Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը 3-ամսյա կալանքից հետո ազատ արձակվեց մարտի սկզբին: Նա նախորդ տարվա դեկտեմբերին ձերբակալվեց ապա կալանավորվեց, ըստ գործի՝ յոթ տարի առաջ ուրիշի պայուսակի մեջ թմրամիջոց գցելու մեղադրանքով:
Ըստ քննչականի՝ Արշակ սրբազանը 2018-ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման ակցիայի ժամանակ դիվանատան ընդունարանում կախված պայուսակի մեջ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց գցելու ցուցում էր տվել: Քննչական կոմիտեն սրբազանին առնչվող մեկ այլ գործ է քննում՝ նրան վերագրվող ինտիմ տեսանյութի գործը Քննությունն ընթանում է անձնական կյանքի կամ ընտանեկան գաղտնիքի խախտման հոդվածով։ Սրբազանը պարբերաբար պնդում է՝ այդ տեսանյութում ինքը չէ։
