Եթե գնանք Հռչակագրի պատկերացրած՝ Արևմտյան Հայաստանի, ԼՂ-ի ռազմավարությունները իրագործելու, դա կնշանակի Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնել․ Փաշինյան
«Ե՛վ Հայաստանի, և՛ Ղարաբաղի իշխանությունները Ղարաբաղի ժողովրդին պահել են պատանդի կարգավիճակում՝ անհասկանալի նպատակների համար։ Հիմա էլ խնդրանքով դիմում եմ բոլորին՝ եկեք գաղթականի և պանդուխտի տրամաբանությունից դուրս գանք, որովհետև մենք տուն ենք հասել, Հայաստանի Հանրապետությունը մեր տունն է, մենք պետք է մեր տանը տեր կանգնենք, ոչ թե անընդհատ Հայաստանը համարեք ժամանակավոր կացարան՝ աշխարհի տարբեր տեղեր վերադառնալու համար»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո հրավիրված ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Իր գնահատականով՝ արդյոք Ադրբեջանը Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում է իրականցրել, թե՝ ոչ, այս հարցին ի պատասխան էլ Փաշինյանն ասաց․ «Ես այդ խոսույթը համարում եմ վնասակար, որովհետև մենք կարող ենք ասել՝ էթնիկ զտում, իրենք էլ․․․հայելային ստանանք էթնիկ զտում, հետո ցեղասպանություն, հայելային ցեղասպանություն, ամեն ինչը հայելային։ Դա նշանակում է՝ մուտք գործել կոնֆլիկի ճանապարհ։ Իմ հոգսը դա չէ, իմ հոգսն այն է, թե ինչ անենք, որ Ղարաբաղից տեղահանված ժողովուրդը խաղաղվի, տուն ունենա, աշխատանք ունենա, անվտանգություն ունենա, ազատություն ունենա։ Ես ասում եմ՝ ես որպես ՀՀ վարչապետ, ընդհանրապես հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից, որովհետև ես կարծում եմ, որ պետք է արդար իրականության հետևից գնալ, և ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու հետևից գնանք։ Որովհետև մենք ինչքան գնացինք պատմական արդարության հետևից, այնքան առերեսվելու ենք նորանոր պատմական անարդարությունների»։
Անդրադառնալով իր հայտարարություններին, թե՝ «եթե ՔՊ-ն այս ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չունենա, պատերազմ կլինի», Փաշինյանն ասաց, որ առաջին հերթին Հայաստանին է պետք ունենալ նոր Սահմանադրություն, որտեղ հղում չի լինի Անկախության հռչակագրին, որովհետև դա, ըստ Փաշինյանի, կնշանակի՝ այս տարածաշրջանում հարատև պետություն ունենալը դարձնել հնարավոր։
«Եթե մենք մեր սոցիալ-հոգեբանական և մտածողության մեջ դնելու ենք այն, որ մենք մեր տարածաշրջանում վերականգնելու ենք մեր պատկերացրած պատմական արդարությունը, և մենք գնալու ենք իրագործելու մեր պատկերացրած, Հռչակագրի պատկերացրած՝ արևմտյան Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ռազմավարությունները, դա նշանակում է ձևակերպել օրակարգ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելու մասին»,-հայտարարեց Փաշինյանը։
Իսկ թե որն կապը՝ պատերազմի հավանականության ու ՔՊ-ի սահմանադրական մեծամասնություն ունենալ-չունենալու հետ, Փաշինյանն կրկնեց նախկինում արած հայտարարությունները՝ եթե այս ընդդիմությունը եկավ իշխանության, պատերազմ կլինի, որովհտեև այդ հիմնական ուժերը հանդես են գալիս խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու տրամաբանությամբ․«Այսինքն, իրենք խաղաղության տակից հողը քաշում են, այսինքն, խաղաղությունը քանդվելու է։ Երբ խաղաղությունը քանդվի, լինելու է պատերազմ»։ Նա հաստատեց, որ սահմանադրական մեծամասնություն է իրենց պետք, նաև Սահմանադրությունը փոխելու համար։
Մանրամասն՝ տեսանյութում
