«Սուտ է, չեն կռվել, փախել են։ Ղարաբաղում առկա զենք-զինամթերքի 80-90%-ը անձեռնմխելի է մնացել»․ Փաշինյան
Ղարաբաղում 2023 թվականի դեպքերից հետո տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ վերլուծվել են մարտական գործողությունների արդյունքները, և այն պնդումները, թե կռվել են և այլն, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպզրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ հետախուզական տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում առկա զենք-զինամթերքի 80-90%-ը անձեռնմխելի է մնացել․«Դրանից առաջ մենք հնարավորություն էինք ստեղծել, որպեսզի տեղի ունենա քաղաքական գործընթաց, և Ղարաբաղի իշխող շրջանակի որոշ ներկայացուցիչներ ոչ միայն խոչընդոտեցին, այլև իրականացրեցին իշխանափոխություն, իսկ ՀՀ ԱԺ-ում միմյանց շնորհավորում էին, ասում էին՝ տեսեք հիմա ինչ ենք անելու Ղարաբաղում, հետո ինչ ենք անելու Հայաստանում։ Այդ շնորհավորանքներից ընդամենը մեկ շաբաթ հետո տեղի ունեցան այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան։ Այդ մարդիկ ինչ որ արեցին Ղարաբաղում, հաջորդիվ ուզում են անել նույնը Հայաստանում։ Այդ մարդիկ բառիս բուն իմաստով փախան Ղարաբաղից, ինձ էլ մեղադրելով, որ սահմանները մենք փակել ենք, չենք թողնում, որ ժողովուրդը դուրս գա»։
Նա վստահեցրեց՝ Ղարաբաղի ներկայացուցիչներին այն ժամանակ զգուշացրել է, ասել է՝ «եթե դուրս գաք,իմացեք, այլևս վերադարձի հնարավորություն չի լինելու»։
«Իսկ էդ միֆերը, թե կռվել են մինչև վերջ և այլն․․․ Իմիջիայլոց, կարիք լինի այդ տվյալները կգաղտնազերծենք։ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի փաստաթղթերի նման ճիշտ պահին հրապարակեմ։ Սուտ է, չեն կռվել, չի եղել նման բան, փախել են, ճողոպրել են։ Ընդ որում, 44-օրյա պատերազմի ժամանակ էլ «ճողոպրել են» այն պլանի ներքո, որ այդ ճողոպրումը ներկայացվեր Հայաստանի իշխանության դավաճանություն և դրա ծխածածկույթի ներքո Հայաստանում իշխանափոխություն իրականացնեին։ Բայց նրանք չէին կարող դա անել, քանի որ չէին ներկայացնում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ղարաբաղի ժողովուրդներին։ Նրանք լեգիտիմություն չունեին»,-հայտարարեց Փաշինյանը։
Նա վստահեցրեց, որ բոլոր որոշումները կայացրել է Ղարաբաղի ներկայացուցիչների հետ խորհրդակցելու հետո․«Ինչ վերաբերում է վերջին որոշմանը, ձեզ հայտնի անձը (նկատի ունի Արցախի նախագահ Սամվել Շահրամյանի՝ Արցախը լուծարելու մասին որոշումը, խմբ) վերջին որոշումը կայացրել է ինքն իրենով,չգիտեմ՝ ում հետ է խորհրդակցել։ Ինձ հետ այդ թեմայով խոսել է, ես հարց եմ տվել՝ ՀՀ-ն ինչ դեր ունի այդ ամենում, ինքն ասել է՝ ոչ մի կապ, ոչ մի դեր։ Ասել եմ՝ էդ դեպքում դուք որոշեք, ինչ որոշում ուզում եք, կայացրեք»։
