Մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում կցուցադրվի վերջին տարիներին ձեռք բերված զինտեխնիկան․Փաշինյան | Region

Մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում կցուցադրվի վերջին տարիներին ձեռք բերված զինտեխնիկան․Փաշինյան

Մարտ 26,2026 15:51

Մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում կցուցադրվի վերջին տարիներին ձեռք բերված զինտեխնիկան։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտնեց, որ մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը՝ Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն Հայաստանի քաղաքացիներին․«Ուզում եմ ասել, որ մենք այս թեմայով աշխատում և աշխատել ենք մեր միջազգային գործընկերների հետ։ Զորահանդեսն, ընդհանրապես, շատ նուրբ երևույթ է և կարող է նաև խաղաղության օրակարգից շեղվելու, դրանից հրաժարվելու տպավորություն ստեղծի, և մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ՝ ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես հրաժարում խաղաղության օրակարգից»։

Փաշինյանն ասաց, որ ձեռք բերված զինտեխնիկան ցույց տալու համար ժամանակին քաղաքացիներին առաջարկել է հերթագրվել, սակայն  հերթագրվող մարդկանց քանակն այնքան մեծ է եղել, որ դա անհնար է իրականացնել։

Նա նաև նշեց, որ զինտեխնիկայի իր ասած ֆորմատով ցուցադրությունն այդքան մեծ թվով քաղաքացիների մասնակցությամբ խնդիրներ կառաջացնեին, այդ զինտեխնիկայի վերաբերյալ «շեղված» տեղեկություններ գուցե տարածվեին, ուստի որոշում է կայացվել հրապարակում կազմակերպել միջոցառում․«Կարծում եմ, որ զինտեխնիկայի այդ ցուցադրությունը Հայաստանի քաղաքացիների համար կլինի տպավորիչ տեսարան»։

 

Նորություններ