Որո՞նք են ամենամահաբեր եղանակային երևույթները | Region

Որո՞նք են ամենամահաբեր եղանակային երևույթները

Մարտ 27,2026 11:55

1995 թվականից ի վեր էքստրեմալ եղանակային երևույթները ամբողջ աշխարհում խլել են ավելի քան 832 հազար մարդու կյանք և հանգեցրել տրիլիոնավոր դոլարների տնտեսական վնասներ։ «Germanwatch» կազմակերպությունը, հիմնվելով կլիմայական ռիսկի ինդեքսի տվյալների վրա, վերլուծել է էքստրեմալ եղանակային երևույթներով պայմանավորված մահացության և տնտեսական վնասների մակարդակները։

Ջերմային ալիքներին բաժին է ընկնում ավելի քան 278 հազար մահ ամբողջ աշխարհում։ Բարձր ջերմաստիճանները սրում են քրոնիկական հիվանդությունները, իսկ ջերմային հարվածը հաճախ դառնում է մահացու։ Միևնույն ժամանակ շոգից առաջացած տնտեսական վնասը ամենացածրն է եղել՝ մոտ 32.9 միլիարդ դոլար։ Սա ընդգծում է դրա «խորամանկ» բնույթը․ շոգը «լուռ» է սպանում՝ չթողնելով լայնածավալ ավերածություններ, ինչպես մյուս եղանակային էքստրեմալ երևույթները։

Ամենակործանարար ջերմային ալիքները տեղի են ունեցել մեղմ կլիմա ունեցող տարածաշրջաններում։ Օրինակ՝ 2022 թվականին Եվրոպայում անոմալ շոգի հետևանքով մահացել է ավելի քան 60 000 մարդ, իսկ Ռուսաստանում 2010 թվականին՝ մոտ 56 000 մարդ։

Փոթորիկները զբաղեցնում են երկրորդ տեղը՝ պատճառելով 274 750 զոհ, սակայն հենց դրանք են պատճառել ամենամեծ տնտեսական վնասները, որոնք գնահատվում են 2.6 տրիլիոն դոլարի չափով։ 2008 թվականին Մյանման կրել է աղետալի կորուստներ, երբ «Նարգիս» ցիկլոնը խլել է ավելի քան 138 000 մարդու կյանք։ Հոնդուրասում «Միչ» փոթորիկը գրանցեց 14 000 մահվան դեպք և պատճառեց է 7 միլիարդ դոլարի վնաս։

Երրորդ տեղում են ջրհեղեղները՝ ինչպես հանկարծակի վարարումները, այնպես էլ գետերի վարարումները, որոնք դարձել են ավելի քան 200 հազար մահվան պատճառ և հասցրել մոտ 1.3 տրիլիոն դոլարի վնաս։

Երաշտները և անտառային հրդեհները համապատասխանաբար հանգեցրել են ավելի քան 25 հազար և մոտ 3 հազար մարդկային զոհերի։ Դրանց տնտեսական վնասը կազմել է համապատասխանաբար 287 և 177 միլիարդ դոլար։

Ինչպես հայտնում է Naked Science ամսագիրը, այլ էքստրեմալ եղանակային երևույթները՝ ներառյալ ցուրտ ալիքները և խիստ ձմեռային պայմանները, միասին խլել են ավելի քան 45 հազար մարդու կյանք և հանգեցրել համեմատաբար ցածր տնտեսական վնասների՝ մոտ 65 միլիարդ դոլար։

 

Նորություններ