Ալեն Սիմոնյանի երեկվա միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի առնչությամբ վարույթ է նախաձեռնել խուլիգանության հոդվածով։ Խուլիգանական արարքի ենթադրյալ հեղինակ նշվում է միայն քաղաքացի Միքայել Մարգարյանը:
Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը):
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ոստիկանությունից ստացած հողորդման համաձայն՝ Միքայել Մարգարյանը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ երեկ ուղիղ եթերով Երևանի Դեմիրճյան փողոցում իրականացրել է խուլիգանական գործողություններ՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել:
Երեկ երեկոյան Մարգարյանը սոցիալական ցանցում ուղիղ եթեր էր մտել ու Դեմիրճյան փողոցում մոտեցել է Ալեն Սիմոնյանին՝ մի քանի հարց տալու։ Սիմոնյանը հրաժարվել է, ասել՝ ««Ես քո հետ զրուցելու ընդհանրապես չունեմ, դու դրան արժանի չես»: Ինչից հետո Մարգարյանը շարունակել է․«․․․ինչի՞ն արժանի չեմ … վախո՞ւմ ես ինձնից, խոսա․, անձամբ ինձնից ընենց ես վախում, արա․․․: Արա, գիշերը դու չես քնելու կամ բերդերում ես քնելու, արա»:
«Արան պապադ ա»,-Մաչգարյանին պատասխանել է ԱԺ նախագահը։ Ապա, ինչպես երևում է Մարգարյանի ուղիղ եթերից, հնչում են հայհոյանքներ։
Երեկ Մարգարյանին ու Արսեն Վարդանյանին, որը «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ է բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, ապա մի քանի ժամից ազատ արձակվել։
Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց․«Ես գիտեմ՝ դա ում կողմից է կազմակերպված, վստահ եմ, որ ինչքան մոտենանք ընտրություններին, այնքան նման դեպքեր շատ են լինելու, գիտեմ որտեղից է ուղղորդված: Գալ որդեկորույս ծնողների, բարեկամների մեջ խառնվել ու քաղաքական նպատակ հետապնդել, գալ հեռախոսը միացնել ու ուղիղ եթերով Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, էդ ո՞նց է ստացվում, ես քաղաքացի չե՞մ»։
