Քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարցերը
Մարտի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ:
Նիդերլանդների գործընկերոջը շնորհավորելով ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Միրզոյանը Թոմ Բերենդսենին մաղթել է հաջողություն և ընդգծել Նիդերլանդների հետ գործընկերությունը հետևողականորեն զարգացնելու հարցում ՀՀ մոտեցումները:
Նախարարները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարստացմանն ուղղված աշխատանքները: Գոհունակությամբ ընդգծվել է Նիդերլանդների կառավարության կոալիցիոն համաձայնագրում ՀՀ հետ փոխգործակցությանը շարունակաբար հատկացվող կարևորությունը:
Մտքեր են փոխանակվել տարբեր ձևաչափերով փոխգործակցության, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերին և միջոցառումներին, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումին:
Արարատ Միրզոյանը և Թոմ Բերենդսենն մտքեր են փոխանակել ժողովրդավարական զարգացման ճանապարհին առկա մարտահրավերների և դրանց արդյունավետ հաղթահարման ուղղությամբ փոխգործակցության մեխանիզմների շուրջ։
