Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի գործով երկուսն ազատ են արձակվել
Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի գործով Միքայել Մինասյանը, որը կիրակի օրն էր ձերբակալվել, ազատ է արձակվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու մասին ստորագրությունը և գրավ:
Եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով երկվորյալ եղբայրներից մյուսին՝ Դավիթ Մինասյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել է, որ Դավիթին քննչականից արդեն տարել են դատարան:
Միքայել Մինասյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եկեղեցում տղաների կողմից ոչ մի հարված չի եղել, կադրերում երևացողը անգամ հարվածի փորձ էլ չէ եղել։
Դավիթ և Միքայել Մինասյաններին մեղադրանք է առաջադրել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով:
3 մեղադրյալը՝ Գևորգ Գևորգյանը ևս ազատ է արձակվել, խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը:
Գևորգյանը մեղադրվում է խուլիգանությունը կազմակերպելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելու հոդվածներով:
Հիշեցնենք, որ կիրակի օրը սուրբ Աննա եկեղեցում պատարագին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անվտանգության աշխատակիցների և այլ պաշտոնյաների հետ։ Երբ Փաշինյանը փորձում էր դուրս գալ եկեղեցուց անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում նրա համար, եկեղեցում պատարագի մասնակցողների միջից մի երիտասարդ վրդովվեց՝ հորդորելով չհրել իրեն, ասաց, որ ուզում է իր տեղում կանգնած մնալ: Ապա երիտասարդը դիմել է Փաշինյանին՝ «Տենց չնայես ինձ», ինչից հետո ձեռքը բարձրացրել է, փորձել հարվածել:
