COVID 19-ի նոր տարբերակ է հայտնաբերվել 23 երկրում | Region

COVID 19-ի նոր տարբերակ է հայտնաբերվել 23 երկրում

Մարտ 31,2026 17:33

Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) տվյալների՝ COVID-19-ի նոր՝ BA.3.2 տարբերակը, որը հայտնի է որպես «ցիկադա», արձանագրվել է արդեն 23 երկրում։ Այն առաջին անգամ հայտնաբերվել է 2024 թվականի նոյեմբերին՝ Հարավային Աֆրիկայում։

2025 թվականի երկրորդ կեսին դեպքերի թիվը սկսել է աճել (հատկապես սեպտեմբերից սկսած)։ Այդ ժամանակից ի վեր նոր տարբերակը հայտնաբերվել է աշխարհի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Աֆրիկայում, Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում և Օկեանիայում։ ԱՄՆ-ում այն հիմնականում ախտորոշվել է Ճապոնիայից, Քենիայից, Նիդերլանդներից և Միացյալ Թագավորությունից ժամանած ճանապարհորդների մոտ։

Առողջապահական մարմինները համաժողովրդական համաճարակաբանական հսկողության համակարգերի միջոցով շարունակում են հետևել նոր տարբերակներին։ Ինչպես մյուս շտամները, այնպես էլ BA.3.2-ը նույնպես պարունակում է սպայկային սպիտակուցի մուտացիաներ, որոնք կարող են ազդել վիրուսի վարակելիության և իմունային պաշտպանությունը շրջանցելու ունակության վրա։ Հենց նմանատիպ փոփոխություններն են պատվաստանյութերի պարբերական թարմացում պահանջում։

Գիտնականները BA.3.2-ը նկարագրում են որպես գենետիկորեն տարբերվող և զգալիորեն դիվերգենտ տարբերակ։ Այն տարբերվում է նախկինում տարածված գծերից, ինչպիսին է JN.1-ը:

BA.3.2-ի առաջին դեպքը գրանցվել է Հարավային Աֆրիկայում բնակվող մի երեխայի մոտ՝ 2024 թվականի նոյեմբերին: Ավելի ուշ առանձնացվել է BA.3.2.1 ենթագիծը:

Հյուսիսային Եվրոպայի երկրներում տարբերակն ավելի տարածված է դարձել 2025 թվականի վերջին և 2026 թվականի սկզբին՝ կազմելով սեկվենավորված դեպքերի մոտ 30%-ը Դանիայում, Գերմանիայում և Նիդերլանդներում:

Փորձագետները նշում են, որ տարբերակի իրական տարածվածությունը կարող է թերագնահատված լինել՝ մի շարք երկրներում գենոմային սահմանափակ մոնիտորինգի պատճառով: Նախնական տվյալները ցույց են տալիս, որ տարբերակն ընդունակ է մասնակիորեն շրջանցել հակամարմինները, ինչը ընդգծում է հետագա դիտարկման և պատվաստանյութերի արդյունավետության գնահատման անհրաժեշտությունը:

Չնայած այն հանգամանքին, որ պատվաստումից և նախկինում կրած վարակից հետո ձեռք բերված իմունիտետը նվազեցնում է հիվանդության ծանր ընթացքի ռիսկը, COVID-19-ը դեռևս հանգեցնում է հոսպիտալացումների և մահվան դեպքերի զգալի թվի: CDC-ն զգուշացնում է, որ «սիկադա» տարբերակը կարող է նպաստել հիվանդացության սեզոնային աճին։ Այն արձագանքման ժամանակին ձեռնարկված միջոցառումներ է պահանջում։

Նորություններ